Չինաստանն անվճար թվային կտրոններ է բաժանում բնակչությանը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար. SCMP
Չինաստանի իշխանություններն Alipay և WeChat Pay առցանց վճարման հավելվածների միջոցով անվճար թվային կտրոններ են թողարկել՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում երկրոդ ամենախոշոր տնտեսության ներքին սպառումը խթանելու նպատակով, գրում է scmp.com կայքը։
Չժեցզյան նահանգի Ցյասին քաղաքում կիրակի հայտնել են, որ հանրությանը կհատկացվի 200 միլիոն յուանին (մոտ երեսուն միլիոն դոլար) համարժեք թվային կտրոն: Դրանից 150 միլիոն յուանը կբաշխվի WeChat Pay հավելվածի միջոցով:
Անցած հինգշաբթի Հունան նահանգի առևտրային միությունների ֆեդերացիան հայտարարել է, որ նահանգի աշխատողները և առևտրային միության անդամները կստանան երաշխավորագրեր (վաուչերներ), որոնք կարող են օգտագործվել Հունանի 340 000 խանութում։ Մարդիկ դրանք կարող են նաև WeChat Pay հավելվածի միջոցով օգտագործել։
Չժեցզյան նահանգի Հանգժոու մայրաքաղաքը պլանավորում է 1,68 միլիարդ յուան արժողությամբ սպառողական կտրոններ բաժանել առցանց հարթակից դուրս աշխատող ավելի քան վեց միլիոն առևտրականի։ Ուրբաթ իշխանությունները 50 յուան արժեքով երկու միլիոն կտրոնի առաջին խմբաքանակն արդեն բաժանել են։ Այդ կտրոններով կարելի է վճարել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առնցանց գնումների համար:
Այլ շրջաններում կտրոնները կբաժանվեն մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածը։










