ՀՀ պարետի որոշմամբ՝ Չարենցավանում կկիրառվեն ելումուտի սահմանափակումներ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել, համաձայն որի՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կկիրառվեն սահմանափակումներ: Դրանք են՝
· Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատաելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման
· Չարենցավան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թ. մարտի 31-ը, ժամը 24:00-ն, Չարենցավան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը
· Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատու անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավանի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացվելու նպատակով:
Որոշման տեքստն ամբողջությամբ՝ ստորև․
«1) ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում բացառությամբ Ֆանտան բնակավայրի կիրառել հետևյալ սահմանափակումները
Ա) Համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.
Բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Չարենցավան համայնք (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
Գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ և ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավան համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։
2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը։
3) Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 31-ից՝ ժամը 18։00-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ը»,- նշված է պարետի որոշման մեջ։











