Կորոնավիրուսի համավարակը կարող է Ասիայում աղքատության հասցնել ևս 11 մլն մարդու. Համաշխարհային բանկ
Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները կարող են աղքատության շեմին հասցնել ևս 11 մլն մարդու Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եթե «անհապաղ քայլեր» չձեռնարկվեն: CNN-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսումներ է արել Համաշխարհային բանկը երկուշաբթի հրապարակված զեկույցում:
Վաշինգտոնում գործող ֆինանսական ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանում կարող է գրանցվել վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենասուր անկումը, որի հետևանքով Ասիայի տարածքի մեծ մասը կարող է երկարատև հետընթաց ապրել:
Բանկի հիմնական կանխատեսումը ենթադրում է, որ տարածաշրջանում աճը 2020 թվականին կարող է դանդաղել հասնելով մինչև 2.1 %-ի՝ 2019-ին ակնկալվող 5.8 %-ի համեմատ: Վատագույն սցենարով՝ տարածաշրջանում տնտեսությունը կարող է նվազել 0.5 %-ով՝ պատճառ հանդիսանալով ընդլայնված ճգնաժամի համար:
Նման նվազումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև համաշխարհային տնտեսության համար: Ըստ մասնագետների՝ Չինաստանը երկրորդ խոշորագույն տնտեսությունն է աշխարհում և համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժը, ինչը նշանակում է, որ երկրի տնտեսական անկումը զգացվելու է ողջ աշխարհում: Չինաստանում կանխատեսվում է 0.1 %-ի աճ ընդամենը՝ նախորդ տարվա 6.1 %-ի փախարեն:
Տնտեսական ցնցումը մեղմացնելու նպատակով Համաշխարհային բանկը պարտավորվել է 14 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել զարգացող երկրներին և 15 ամսվա ընթացքում 160 մլրդ դոլար հատկացնել՝ աղքատների և խոցելի խավի պաշտպանության համար:










