Բրիտանացին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց տղամարդ
Բրիտանացի Ռոբերտ Ուեյթոնը մարտի 29-ին նշել է ծննդյան 112-րդ ամյակը և ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Գինեսի ռեկորդների գրքի կայքին, որում հայտնվել է բրիտանացին:
Նշվում է, որ մանուկ հասակում «բոլորի» նման նա հիվանդացել է խոզուկ, կարմրուկ, կապույտ հազ և այլ հիվանդություններվ, անցկացրել է «իսպանկայի» ժամանակաշրջանն ու Համաշխարհային երկու պատերազմ: Մինչ Մեծ Բրիտանիա տեղափոխվելն ապրել է Կանադայում և Թայվանում:
Հիվանդացել է մալարիայով և մի քանի անգամ վիրահատության ենթարկվել: Ուեյթոնը Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է գործարանում, որը Բրիտանական կայսրության համար ինքնաթիռներ էր արտադրում: Այժմ նա խաղալիք հողմնաղացներ է պատրաստում, որոնք վաճառում է 50 դոլարով, իսկ վաստակած գումարը ծախսում է բարեգործական նպատակներով:
Աշխարհի ամենատարեց տղամարդու տիտղոսն Ուեյթոնին է բաժին հասել ճապոնացի Տիտեցու Վատանաբեի մահից հետո, որը կյանքից հեռացել էր փետրվարի 23-ին՝ 112 տարեկան, 355 օրական հասակում:
Միևնույն ժամանակ, աշխարհի ամենատարեց մարդու ռեկորդը պատկանում է 116-ամյա ճապոնուհի Կանե Տանակային:









