Վարչապետը հասկանում է, որ իր բացթողումների արդյունքում Հայաստանում լինելու է վարակվածության ահռելի մեծ տոկոս, և փորձում է դրա բեռը դնել վիրուսի բնույթի վրա. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկզբնապես շատ անլուրջ վերաբերվեց կորոնավիրուսի համաճարակին, ճիշտ այդպես վարվեցին նաև Հայաստանի իշխանությունները, բայց այսօր Թրամփն արդեն ընդունեց, որ առաջիկա օրերը լինելու են չափազանց ծանր, և միայն ԱՄՆ-ում տարբեր հաշվումներով լինելու է 100 հազարից 240 հազար զոհ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ամերիկաբնակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Լոս Անջելեսում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը գրանցված է հայաշատ Գլենդեյլում, դա մեր հայրենակիցների ցածր գիտակցության արտացոլումն է: Այստեղի հայերը շարունակում են շփվել միմյանց հետ, ինչպես հայաստանցիները: Հայերի շրջանում արդեն կան մահացության դեպքեր»,- ասել է Մարտիրոսյանը:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը նույնիսկ չի էլ մոտեցել պիկի նախաշեմին, ըստ ամենայնի՝ այն կարող է լինել մեկից մեկուկես ամսվա ընթացքում. «Այս փուլում Արցախում ընտրությունների կազմակերպումը հանցագործություն էր հայ ժողովրդի հանդեպ, և այնտեղ բաժանված թղթե դիմակներով հնարավոր չէ պաշտպանվել վարակի տարածումից: Կատարվել է ժողովրդի զանգվածային հիմարացում, և մեր հանրության մի զգալի զանգված վիրուսի դեմ բացարձակ անզեն դուրս է գալիս՝ ինքնասպանվելու: Բայց ՀՀ իշխանություններին ձեռնտու է հենց այս փուլում Արցախում ընտրությունների անցկացումը»:
Մարտիրոսյանի կարծիքով՝ վարչապետը և կառավարությունը բավական ուշացումով ընդունեցին այն խորհուրդները, որոնք արհեստավարժները նրանց տալիս էին շաբաթներ առաջ, երբ անգամ ասիական երկրները, իրենց տարածքում դեռևս որևէ դեպք չունենալով, կոշտ սահմանափակումներ մտցրին. «Հայաստանի վարչապետը, տնտեսության և հանրաքվեի մոլուցքով տարված, փորձում էր ամեն կերպ նսեմացնել և անլրջացնել այս վարակի վտանգը: Եթե մարտի 1-ի նախօրեին վարակակիրը չհայտնաբերվեր, երթը չէր չեղարկվի, և պատկերացրեք՝ վարակի ինչպիսի տարածում էր լինելու»:
Հայկ Մարտիրոսյանի պնդմամբ՝ մտածող քաղաքացիների պարտքն է լուրջ ճնշում գործադրել իշխանությունների վրա, որ նրանք հետևեն միջազգային ճգնաժամային փորձին. միանձնյա որոշումները կայացնում է վարչապետը, և հենց նա պետք է լինի առաջնային պատասխանատվության գոտում:
«Վարչապետը հասկանում է, որ իր բացթողումների արդյունքում Հայաստանում լինելու է վարակվածության ահռելի մեծ տոկոս, և փորձում է դրա բեռը դնել վիրուսի բնույթի վրա՝ պնդելով, թե որոշ տեսությունների համաձայն՝ բոլորը վարակվելու են այս վիրուսով: Հայաստանում առկա մահերի թիվն արդեն շատ բարձր է այս համաճարակային իրավիճակում: Եթե մարդկանց չեն կարողանում փողոցներից տուն ուղարկել, Արցախում ընտրություններ են անում, ԱԺ-ի ընդունած օրենքը հեռախոսային խոսակցություններով կոնտակտավորներին տեղորոշելու մասին կեղծավորություն է և ցինիզմ»,- ամփոփել է ամերիկաբնակ քաղաքագետը:
Դավիթ Սարգսյան










