Վաղը էլի քրգործեր են լինելու, ՔԿՀ-ներում մարդիկ են լինելու, հնարավորություն տվեք այցելենք ձեզ ՔԿՀ-ներում. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին»

14:15 • 14.04.20

Ես ինչ-որ տեղ ուրախ եմ, որ մեր գործընկերները ուզում են մերժել այս նախագիծը, քանի որ եթե մերժեն, ապա այն կմնա նախկին տեսքով: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի կողմից ներկայացված ձերբալակված և կալանավորված անձանց պահելու ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ 2004 թվականին դիտորդական խմբի անդամ է եղել և աշխատել մինչև 2012 թվականը: Նա ներկայացրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո բանտերում հայտնվեցին գործընկերներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և դիտորդական խումբը այցելում էր նրանց բանտերում, ում նկատմամբ քննիչները տեսակցության արգելքի որոշում էին կայացնում, այն ժամանակ այս կերպ նորմը չէր մեկնաբանվում:

Նա հիշեցրեց, որ այս հստակեցման դրույթը ժամանակին բերվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ և մերժվել է, և հիմա կրկին մերժվում է: Էդմոն Մարուքյանը նշեց, որ պատգամավորը տեսակցող չէ, պատգամավորը մտնում է քրեակատարողական հիմնարկ, ծանոթանում է պահման պայմաններին, խոնավությանը, օդին, լուսավորությանը, տեսնում է, թե կալանավորն ինչ վիճակում է իր խցում:

Այնուհետև, դիմելով ԱԺ իշխող մեծամասնությանը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես և Փաշինյանը ասում էինք՝ այ հարգելի հանրապետականներ, վաղը մյուս օր իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ, ասում էին՝ չէ, դա չի լինի և մերժում էին: Հիմա ինչ եմ ուզում ասել, սա ինձ մոտ դերժավյու է առաջացնում, վաղը մյուս օրը էլի քրեական գործեր են լինելու, այդ քրեական գործերով ՔԿՀ-ներում մարդիկ են լինելու, հնարավորություն տվեք ձեզ այցելենք, այ ձեր ցավը տանեմ, թողեք գանք ձեզ տեսնենք, այ ձեր կյանքին ղուրբան լինենք, այ ձեր գլխին ղուրբան: Հիմա որ դուք չեք ուզում սա ըդնունեք, մենք ի՞նչ անենք»,- եզրափակեց նա: