Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան
ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ հանձնաժողովի աշխատանքներին, և չի բացառվում, որ հանձնաժողովը Արցախում նիստեր անցկացնի, արդյո՞ք Սահակյանը կմասնակցի:
«Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-հավելեց Սահակյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հայտարարել է, որ Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք է վերացվի կալանքը, և արդյո՞ք դա չի կարող շանտաժ համարել, Սահակյանը պատասխանեց, որ մոտեցումը հայտնել է, և այն ամեն անգամ նոր մեկնաբանություններով չի փոխվելու:
«Այն, ինչ մտածում եմ, պատկերացնում եմ, հայտարարել եմ: Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք, և մեր ողջամտությունից, մեր գիտակցությունից, մեր պատասխանատվությունից է նաև կախված, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»,-ասաց նա:
Սահակյանն ընդգծեց, թե հայ-ռուսական բարեկամությունը դաշնակցային բարեկամություն է, ինչու չէ՝ նաև եղբայրական բարեկամություն, որի հիմքը դրվել է դարեր առաջ:
«Ես ավելի քան համոզված եմ, որ այդ բարեկամությունը շարունակական է լինելու, այս շրջանում հատկապես, երբ աշխարհը, այդ թվում՝ ՌԴ-ն հայտնված է ոչ հասարակ պայմաններում: Կարծում եմ՝ մեր բարեկամության նշանակությունը հաշվի առնելով՝ մեր պատասխանատուները կանեն ամեն ինչ, որպեսզի այդ բարեկամությունը ապագայում էլ ավելի խորանա և ստանա ներկայիս ժամանակին համապատասխան արդյունավետություն»,-ասաց ԱՀ նախագահը:
Հարցին՝ ծանո՞թ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, թե ծանոթ է, և դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, առաջին դեպքը չէ, երբ անհրաժեշտության դեպքում Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հայտնում է:
«Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուները իրենց տեսակետը հայտնում են: Նա իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես հնարավորինս օգտակար լինելու: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահը իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինել նաև այս շրջանում»,-նշեց Սահակյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանի կուսակցությունը երկրորդն է, և հարցին՝ իր կարծիքով՝ եկող իշխանությունները ինչպե՞ս պետք է համագործակցեն այդ կուսակցության հետ, Բակո Սահակյանը պատասխանեց.
«Մենք ունեցել ենք պահանջներ և նախընտրական շրջանում խստորեն գործել ենք այդ պահանջների համահունչ՝ ստեղծել մրցակցային պայմաններ խորհրդարանական ընտրություններում մասնակցող ուժերի համար: Իմ անձնական համոզմունքն է, որ առավելագույն այդպիսի հնարավորություններ ստեղծված են եղել քաղաքական ուժերի համար, և դրանք իրենց կառուցած աշխատանքների համաձայն ստացել են իրենց քվեները: Կարծում եմ, որ հաջորդ իշխանությունները ստեղծելու են նպաստավոր պայմանները՝ համագործակցելու համար: Համենայն դեպս, վերջերս նման հարցադրումներին խորհրդարանում հավանական ներկայացվող ուժերի ներկայացուցիչները ասել են, որ պատրաստ են այդպիսի համագործակցության, ինչը ողջունելի է»,-ասաց նա:










