Քաղաքական հայտարարություններին չենք արձագանքում. ԲԴԽ-ն՝ վարչապետի՝ «վնգստացող» դատավորների հերթն է գալիս» հայտարարության մասին
Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքական հայտարարություններին չի արձագանքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԲԴԽ-ն ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների մասին արված հայտարարությունը, թե ««վնգստացող» դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող» դատավորներ» արտահայտությունն առաջին անգամ արտաբերել է նախորդ տարի՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Վարչապետը, պատասխանելով այն հարցին, թե ժողովրդին ուղղված կոչը՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու մասին, եղե՞լ է միջամտություն վարչապետի կողմից, ասել է. «Ներկայիս դատական համակարգը տեր-ստրուկ համակարգ է, և փոխանակ մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ, դառնալով արժանապատիվ դատավոր, «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:
Ավելի ուշ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդրադառնալով վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող ու տեր փնտրող դատավորներ» արտահայտությանն ու այն հարցին, թե ինչու ԲԴԽ-ն չի արձագանքել, պատասխանել էր․ «Հարցը բազմիմաստ քննարկվեց, մի քանի տեքստերի վրա աշխատեցինք, բայց որոշեցինք չարձագանքել քաղաքական հայտարարությանը։ Դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել, բայց երբ իրար մեջ են խոսում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ունի, ինչի մասին է խոսքը»։










