2014 -ին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ, 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ. Զոհրաբ Մնացականյանը՝ Լավրովի հայտարարության մասին

16:27 • 21.04.20


16:38
Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր մոտեցումներն արտահայտել ենք պարզ ձևով: 

Այս մասին այօսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում:

«Լավովի մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս երկու տարվա ընթացքում: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

«2014 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,-ասաց Մնացականյանը, նշելով, որ իրենք առավել քան հստակ խոսել են իրենց դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը:

«Այն վերաբերում է տարածքներին, ամենից բացի դա անվտանության գոտի է ու պաշտպանական գծեր, որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»,-ասաց Մնացականյանը:



16:00

Տեղի է ունենում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը։

Բանախոսներն անդրադառնում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին և ներկայացնում, թե ինչպես պետք է դրանք անցկացվեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում: