Ռուսական հեռուստաընկերությունը ցուցադրել է Արևմտյան Հայաստանի քարտեզը. թուրքական կողմն արձագանքել է

09:50 • 21.04.20

Թուրքիայում աղմուկ է բարձրացրել ռուսական «ՆՏՎ Միր» հեռուստաընկերության կողմից Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի քարտեզի և Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ընդունած դրոշի ցուցադրումը:

Այս մասին տեղեկացնում է haber61.net կայքը` նշելով որ դեպքին անդրադարձել է հակահայկական ASİMDER կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը:

Վերջինս մեղադրանքների տարափ է հնչեցրել Ռուսաստանի և Ֆրանսիայի հասցեին՝ նշելով, որ «այս երկու պետություններն աչքի են ընկնում հայերին աջակցելով Թուրքիայի հողերի վրա պետություն ստեղծելու նրանց երազանքներում»:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ Գյուլբեյը նշել է, որ «ռուսները միշտ թուրքերի արյունն են թափել և դրա համար օգտագործել են հայերին»:

Խոսելով հեռուստատեսությամբ ցուցադրված քարտեզի մասին՝ թուրք գործիչը նշել է, որ «թուրքական 20 քաղաք, որոնց թվում են Տրապիզոնը, Ռիզեն և Արդվինը, ներկայացված քարտեզով ներառված են Արևմտյան Հայաստանի կազմում:

Գյուլբեյը չի մոռացել շեշտել նաև, որ «Ռուսաստանի բազմաթիվ պետական գործիչներ, այդ թվում՝ արտգործնախարարը, ունեն հայկական ծագում»:  

Ֆրանսիային Գյուլբեյը մեղադրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորումը հովանավորելու համար և նշել է, որ այս պետությունը ներկայում էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն շնորհելու գործընթացի վրա: