Հաճախ եմ հանդիպում Արման Սարգսյանի հետ, ընկերներ ենք, բա մեր թիմի անդամն է, եթե անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի. Ալեն Սիմոնյանը՝ Ոստիկանությունում Ա․ Սարգսյանի հետ հանդիպման մասին

15:12 • 22.04.20

Շատ ժամանակ է անցել, կոնկրետ չեմ կարող ասել՝ այդ օրը ինչ հարցով եմ եղել ոստիկանությունում, բայց ժամկետային առումով ենթադրում եմ, որ դա կապված է պետհամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության հետ, որը դեռևս շրջանառության մեջ դրված չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե նկատել են, որ մարտի 28-ին Ոստիկանությունում հանդիպել է ոստիկանապետի հետ, սակայն հանդիպման մասին պաշտոնապես տեղեկություն չի տարածվել: Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ ինքն արդեն խոսել է․ խոսքը վերաբերում է նրան, որ օրենսդրական կարգավորումից հետո քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով:

«Նախագծով առաջարկվում է պետհամարանիշների հատուկ ձևով վաճառքը օրենսդրորեն թույլատրել, ինչը ոստիկանությունը պետք է կազմակերպի: Ես կրկնում եմ, իր հետ հաճախ եմ հանդիպում որովհետև ընկերական հարաբերություններ ունեմ: Բայց կոնկրետ չեմ հիշում, որ այդ օրն այդ նախագծի շուրջ է եղել քննարկումը, կարելի է ասել՝ ամիսը մեկ անգամ հանդիպում եմ նրա հետ», -մանրամասնեց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե հանդիպումները պաշտոնական բնույթ չե՞ն կրում, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Լինում է, որ պաշտոնական հանդիպում է լինում, լինում է, որ գնում եմ համապատասխան բաժնի աշխատակիցների հետ քննարկումների: Օրինակ, վերջին հանդիպմանը քննարկել ենք, թե արդյոք նշված օրենսդրական նախաձեռնությունը կարո՞ղ է կյանքի կոչվել, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, արդյոք հնարավոր կլինի՞ այդ պետհամարանիշներով Վրաստան գնալ, ո՞վ պետք է վաճառի: Ես հասկանւմ եմ, որ մարդիկ փորձում են ինտրիգներ գտնել, բայց կարծում եմ՝ արգելված չէ ոստիկանապետի և ԱԺ փոխնախագահի միջև շփումները»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խնդիրը նրանում է, որ այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն չի տրվում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դե, գիտեք, մի թիմի անդամ ենք բոլորս, շփվում ենք տարբեր հարցերով, մեկ-մեկ լինում է, որ հեռախոսով խոսելն այնքան էլ հարմար չի լինում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ինչ-որ նախագծերի քննարկմանը»,-նկատեց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ մոտ 15 օր առաջ ևս հանդիպել է ոստիկանապետի հետ, այդ պատճառով է տարակուսում՝ նշված նախագիծը մարտի 28-ի՞ն է քննարկվել, թե այլ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ խնդրահարույց չէ ոստիկանապետին քաղաքական թիմի անդամ ներկայացնելը, նրա գործողությունները քաղաքական բնույթ չեն կարող ենթադրել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Իհարկե, թիմի անդամ է, բա մեր թիմից է, մեր թիմի անդամ չլինի, ուրիշի թիմի անդամ լինի, ոստիկանապետ չի լինի: Իր քաղաքական բնույթ կրելը որն է, այդպիսի բան լինի, բոլորով կհոշոտենք»,-եզրափակեց նա:

Հաճախ եմ հանդիպում Արման Սարգսյանի հետ, ընկերներ ենք, բա մեր թիմի անդամն է, եթե անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի. Ալեն Սիմոնյանը՝ Ոստիկանությունում Ա․ Սարգսյանի հետ հանդիպման մասին