Կառավարությունը նպատակ ունի բռնագանձել, վերաբաշխել կապիտալը․ դա շատ վատ հետևանքներ կունենա երկրի, տնտեսության համար․ Հակոբ Ավետիքյանը՝ Ucom-ի, «Շանգրի լա»-ի նկատմամբ կատարվող գործողությունների մասին

18:27 • 28.04.20

Դեռևս չհաստատված օրենքի անունով նոր գործիքներ սահմանելով Կառավարությունը նպատակ ունի բռնագանձել, վերաբաշխել այն, ինչը կա։ Նման գործողությունները շատ վատ հետևանքներ են ունենալու երկրի, տնտեսության համար։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով Ucom-ի, «Շանգրի լա»-ի նկատմամբ կատարվող գործողություններին։

Հակոբ Ավետիքյանը նկատում է, որ արտակարգ դրության ընթացքում խորհրդարանում անցկացվեց 2 օրինագիծ՝ «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքները։

«Երբ այդպիսի օրինագծեր են անցկացվում, արդեն նշանակում էր, որ դրանց հետևելու են կոնկրետ գործողություններ, նույնիսկ՝ դեռևս նախագահի կողմից չվավերացված լինելու պարագայում («Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ-ի կողմից, սակայն նախագահը դեռ չի ստորագրել այն - Tert.am)։ Այսինքն, նոր գործիքներ չհաստատված օրենքի անունով՝ բռնագանձելու, բռնություն բանեցնելու, վերաբաշխելու այն, ինչը կա»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Ucom-ի, «Մուլտի գրուպ կոնցեռնի», «Շանգրի լա»-ի նկատմամբ կատարվող գործողությունները տեղավորվում են այս տրամաբանության մեջ։

«Ես չգիտեմ ում միջև է բաժանվելու, ովքեր են, ինչ ախորժակներ կան, կարելի է ենթադրություններ անել, բայց չեմ ուզում ենթադրություններով արտահայտվել։ Պարզապես, ի վերջո, դա էլ պետք է լինի, այսինքն, գումարը գանձում ես, հետո օրինականացնում ես այդ ամբողջը, որից հետո մրցույթ կլինի կամ կեղծ մրցույթ, ինչ-որ մարդիկ կլինեն, որ կուզենան։ Այսինքն, այնտեղից գումար կարելի է աշխատել։ Կոպիտ ասած՝ նույն տունը, մեքենան երկու անգամ վաճառելու պրոցեսն է տեղի ունենում շատ մեծ մասշտաբով»,- նշեց Հակոբ Ավետիքյանը։

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ արտառոց էր շտապողականությունը, որ կար այդ օրինագծերը քննարկելու ընթացքում․ «Արդեն իսկ հայտնի էր բոլորին, որ դրան հետևելու են նմանատիպ գործողություններ՝ մեծ պատառներ պոկելու, բաժանելու դրանք՝ և կալանքի տակ գտնվող գումարներ, և այն գումարները, որոնք դեռևս կալանքի տակ չեն»,- նշեց նա։

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ Կառավարության որևէ որոշում պետք է տնտեսությունը զարգացնելու հեռահար նպատակներ ունենա, ինչը այս օրենքներով ոչ միայն չի ապահովվում, այլ հակառակը՝ վատ հետևանքներ է ունենալու տնտեսության համար։

«Հասկանալի է, կառավարությունները միշտ էլ փողի կարիք ունեն, մեր Կառավարությունը առավելևս, բայց պետք է տեսնենք հեռահար ժամանակահատվածում ինչ ազդեցություն, հետևանքներ կունենան նման գործողությունները։ Արդեն կարելի է հաստատ մի բան ասել, որ դրանք լինելու են շատ վատ երկրի, տնտեսության համար։ Թերևս ինչ-որ գումարներ կորզվեն, բռնագանձվեն, բայց դրանից ո´չ տնտեսությունն է շահելու, ո´չ էլ առաջիկայի համար մենք կունենանք  համապատասխան ներքին ուժ՝ համաճարակից հետո վերականգնելու մեր տնտեսությունը։ Սրանք ուղղակի խփում են ոչ միայն այսօրվա, այլ վաղվա տնտեսությանը։ Իսկապես մենք ոտքի չենք կարող կանգնել»,- ասաց ՌԱԿ ատենապետը։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում էր՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։

Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը արձագանքել էր վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ նշելով, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից «Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի»

Նշենք նաև, որ ապրիլի 25-ին կալանավորվել է մեկ այլ խոշոր բիզնեսի՝ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Ֆինանսների նախարարությունն էլ քննարկում է նույն կոնցեռնի մաս կազմող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը