Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջև. վերջինիս տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ (տեսանյութ)

17:35 • 29.04.20

19:10

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ, Արթուր Դանիելյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը այսօր Tert.am-ին հայտնեց, որ ծեծի ենթարկված «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում չէ:

«Ես հենց նոր հիվանդանոցի ղեկավարության հետ խոսեցի և ինձ պաշտոնապես ասացին, որ Արթուր Դանիելյանն այստեղ չի էլ եղել, այսինքն ոչ միայն այս պահին շենքում չէ, այլ այսօր ընդհանրապես այստեղ չի եղել: Հիմա պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ է Արթուր Դանիելյանը, իսկ այստեղ ծառայություն իրականացնող ոստիկաններն այլ գործով են ծառայություն իրականացնում»,- ասաց նա: Մելիքյանը նշեց, որ ոչ ոքի մոտ չի հաջողվել Դանիելյանի հետ կապ հաստատել:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա և կից հրապարակել Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված դեմքը:



19:00

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է միջադեպի մասին: «Դանիելյան Արթուրն էր իրա հետի երկու ադեկվատների հետ, ամենայն հավանականությամբ՝ էն մեկին ճանաչում եմ դեմքով: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով ամենայն հավանականությամբ իր քիթն է վնասվել, իմ՝ քիմքի մասը», - ասաց Սիմոնյանը:

18:53

«Ադեկվադ միաբանության» նախագահ Արթուր Դանիելյանին տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց, առկա է վիրահատության անհրաժեշտություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Նրան հասցրի տեսնել ոստիկանության Կենտրոնի բաժնի մուտքի մոտ, բժիշկներն ու ինքն ասացին, որ վիրահատության անհրաժեշտություն կա, ինչի համար ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն»,-ասաց Աթանեսյանը:

Փաստաբանն ասաց, որ այլ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:


18:40

Կոնստանտին Տեր-Նակալյանը ուղիղ եթերում տեղեկացրեց, որ Արթուր Դանիելյանը ձերբակալված է: Ավելի ուշ նա նշեց, որ Դանիելյանին տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ, քանի որ ոստիկանությունում պարզվել է, որ նա ունի վիրահատության կարիք:

Կոնստանտին Տեր-Նակալյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև:

«Արթուր Դանիելյանի հետ երկու բառ եմ խոսել, ծեծ ասվածը մի փոքր ուռճացված է, ուղղակի Ալեն Սիմոնյանն առաջինն է հարվածել: Իմ ունեցած տեղեկություններով՝ պատահաբար իրար փողոցում տեսել են, Ալենը բարևել է, Արթուրը բարևել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը Արթուրի դեմքին է հարվածել, որից հետո արդեն քաշքշուք, ծեծկռտուք է տեղի ունեցել»,-ասաց նա:

Տեր-Նակալյանը հայտնեց, որ Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է գտնվում, սակայն ոստիկանները չեն թողնում, որ նրանք հիվանդանոց մտնեն, ըստ նրա՝ անհեթեթ պատճառաբանություններով: «Քիչ առաջ պատճառաբանեցին, որ չեն թողնում ներս, որովհետև բժշկական դիմակներ չունենք: Մենք մտավախություն ունենք, որ իշխանությունները որոշել են այս պատրվակով քրեական հետապնդում իրականացնել, դրա համար ամեն գնով Արթուր Դանիելյանին մեկուսացրել են իր թիմակիցներից»:


17:35

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա:

Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի լուսանկարը:

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-լուսանկարին կից գրել է նա: