Սոսկալի վիճակում ենք, անջատել են էլեկտրականությունը, կառավարություն դիմում եմ, լսել չեն ուզում. քաղաքացին՝ արտակարգ դրության ընթացքում կրած վնասների մասին

19:38 • 30.04.20

Ես մուրացկանություն չեմ անում, որ մի տոպրակ տան, ասեն՝ «յոլա գնացեք»: Էլի շնորհակալ եմ, բայց ես հարկ եմ վճարել, աշխատել եմ և կառավարությունն այս իրավիճակում պետք է մեզ աջակցեր: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Տիգրան Մելքոնյանը՝ ով իրեն համարում է արտակարգ դրության ընթացքում սոցիալական վնասներ կրող անձ:

Քաղաքացին նշեց, որ ԱՁ ունի, որն էլ իր միակ եկամտի աղբյուրն է, և հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ տանն է, չի աշխատում: «Հիմա սոսկալի վիճակում ենք: Անջատել են մեր էլեկտրականությունը, համոզել եմ մի կերպ, պարտքով գումար եմ վերցրել, վճարել եմ էլեկտրաէներգիայի վարձի մի մասը»:

Ըստ նրա՝ ամեն օր կառավարություն է դիմում, սակայն նրան լսել չեն ուզում: «Իրենց պետք չի մեզ լսել, ինչպե՞ս էին մեզ դիմում, «վնգստացողներ» են մեզ ասում ու չեն ուզում  ոչ մի կերպ աջակցություն տրամադրել»:

Տիգրան Մելքոնյանը նշեց, որ նախկինում համաճարակաբան է եղել և անգամ հիմա Առողջապահության նախարարություն է դիմել՝ նշելով, որ կարող է օգտակար լինել, սակայն իրեն չեն արձագանքել: Ըստ նրա՝ շատ հեշտ կարելի էր լուծել տեղաշարժման հետ կապված խնդիրները, որպեսզի մարդիկ զուգահեռ կարողանային աշխատանքի գնալ:

«Եթե պետությունn արտակարգ իրավիճակ է հայտարարում, ապա պարտավոր է իրեն հարկ վճարող մարդկանց ապահովել նորմալ կյանքով, որ մարդն ստեղծված իրավիճակից ելնելով չաշխատի, բայց կարողանա ապրել: Ես հավատացել եմ, իրենց ընտրել եմ, որ իրենք կարողանան մեր պես մարդկանց հոգսերն այս իրավիճակներում հոգան: Ինչո՞ւ պետք է այսօր իրենց քայլերից տուժեմ»,- շեշտեց քաղաքացին:

Ըստ նրա՝ սա այն իրավիճակն է, որ պետք չէ քայլերը հետագային թողնել: Քաղաքացին  հարևանների, ընկերների օգնությանն է դիմել, սակայն նրա խոսքով՝ բոլորն էլ խնդիրներ ունեն և չեն կարող այս պայմաններում իրար օգնել:

 

Սոսկալի վիճակում ենք, անջատել են էլեկտրականությունը, կառավարություն դիմում եմ, լսել չեն ուզում. քաղաքացին՝ արտակարգ դրության ընթացքում կրած վնասների մասին