Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը կառավարությունում

15:17 • 01.05.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուսումնասիրել և հավանության է արժանացրել կառավարությունում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնի նշանակելու առաջարկը, որը Գերագույն ռադայի կողմից հաստատում չի պահանջում: Այս մասին տեղեկացնում է zn.ua կայքը` հղում տալով նախագահի գրասենյակի իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրների՝ Զելենսկին Սաակաշվիլիին պատրաստվում է նշանակել կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնում: Միաժամանակ Սաակաշվիլին կարող է դառնալ Բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղար, որն այժմ նախագահն է գլխավորում:

Եթե երկրի ղեկավարը չմտափոխվի, Սաակաշվիլիի նշանակումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին:

Ուկրաինայի կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնն անցյալ տարվա նոյեմբերից զբաղեցնում է Ալեքսեյ Պերեվեզենցևը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի կառավարությունն ապրիլի 28-ին Գերագույն ռադայից հետ է կանչել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակելու առաջարկը: