Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը վաղը կներկայանան դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորություն ներկայացնելու համար. Արամ Վարդևանյան

21:09 • 07.05.20

Վաղը  Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող բոլոր անձինք ներկայանալու են դատարան: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը նշանակված դատական նիստին:

«Վաղվա դատական նիստին կներկայացվեն վարչապետերի անձնական երաշխավորության միջնորդությունը և այն միջնորդությունները, որոնք այս ժամանակահատվածում ներկայացվել են կրկին կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու մասով»,- ասաց Վարդևանյանը և հավելեց, որ իր տեղեկություններով՝ վաղը երաշխավորություն ներկայացնող բոլոր վարչապետերը ներկա են լինելու դատական նիստին:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ի վիճակի է մասնակցել դատական նիստին, պաշտպանը պատասխանոց. «Իմ վերջին տեղեկություններով՝ պարոն Քոչարյանի առողջական վիճակն այնպիսին է, որ  բժիշկները դատական նիստին մասնակցելու մասով խնդիր չեն տեսնում: Իհարկե, այլ բան է քրեակատարողական հիմնարկում գտնվելը, առողջական տեսանկյունից՝ որակապես լրիվ այլ իրավիճակ է, բայց կոնկրետ վաղվա նիստի մասով առկա խնդիր չկա»,- ասաց նա:

Վարդևանյանը նշեց, որ դատարանի կազմից էլ դատավոր Աննա Դանիբեկյանին տեղեկացրել են համապատասխան կազմակերպչական միջոցառումները, որոնցով Քոչարյանի մասնակցությունը կապահովվի:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորելու են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: