Տավուշի մարզում, ի նշան բողոքի, գյուղացիները շուրջ մեկ ժամ փակել են ճանապարհը. խցանումը հասել է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com

17:42 • 10.05.20

Շուրջ մեկ ժամ Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Խաշթառակ և Լուսաձոր գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Աղբյուրի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի:

ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները:

Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:

Աղբյուրը հայտնում է, որ խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները, հանդիպելով մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Կ. Ցուցուլյանի և Իջևանի բաժնի պետ Կ. Հակոբյանի հետ, եկել են հայտարարի և դադարեցրել են բողոքի ակցիան, բացել ճանապարհը:

Երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե խնդիրը չուսումնասիրվի և լուծում չտրվի, պատրաստ են նույնիսկ գիշերը մնալ փողոցում՝ փակելով ճանապարհը:

Տավուշի մարզում, ի նշան բողոքի, գյուղացիները շուրջ մեկ ժամ փակել են ճանապարհը. խցանումը հասել է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com