Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալու (տեսանյութ)

16:26 • 13.05.20

Բռնությունը չի դատապարտվում, հետևաբար բռնության մշակույթը, որը, հայտարարվել էր, իբր, տեղ չունի, շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ-ում բացատրություն տալուց հետո:

Պատգամավորը տեղեկացրեց, որ մինչ ՀՔԾ-ում բացատրություն տալը՝ եղել է դատաբժշկի մոտ: «ՀՔԾ-ում ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութում, տևել է մոտ երկու ժամ»,-նշեց Մարուքյանը:

Նա վերահաստատեց՝ միջադեպից հետո իր հիմնական ակնկալիքը քաղաքական է: «Հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, կարող է կրկնվել, և ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտածել, որ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել՝ իր հայտնած կարծիքի, հայտարարությունների համար»,-ասաց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ նշելով, թե քաղաքական գնահատական սպասում է ոչ միայն իշխող ուժից:

«Եթե խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո օմբուդսմենին են սպառնում, մյուսը օրը փողոցում են մարդ ծեծելու, ուրիշ բաներ են լինելու: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ինչը չի ստացվի»,-ասաց նա: 

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարութանը, թե իշխանական պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը մանդատները վայր կդնեն, եթե այդպես վարվեն ընդդիմադիր խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը, Մարուքյանն արձագանքեց.

«Ուզում են՝ ընդդիմությունը մանդատները վայր դնի, որ իրենք ի՞նչ անեն, երկիրն ուզում են բռնապետությո՞ւն դարձնել: Ծեծ կերած մարդկանցից պահանջել մանդատ դնել, երևի Հյուսիսային Կորեայում  էլ չկա նման բան: Դա ամբողջատիրական  մտածողության հարց է, ինչի մեջ այսօր մեր իշխանություններն են»: