Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից. տնօրեններից Սաթենիկ Նիշանի խոսքով՝ իրենց որևէ պատճառ չի ներկայացվել
Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Tert.am-ի հետ զրույցում Սաթենիկ Նիշանին նշեց, որ ազատման որևէ պատճառ իրենց չեն ներկայացրել:
Նա պատմեց՝ վարժարանում տնօրենի պաշտոնը ստանձնելու և իր գործոնեության մասին: 1975թ. ուսուցչական գործով է սկսել աշխատել Եսայան վարժարանում, մի քանի այլ ազգային վարժարաններում աշխատելուց հետո՝ 1985թ. ստանձնել է վարժարանի տնօրենի պաշտոնը:
«Այդ թվականինց ի վեր՝ աշխատում եմ Բեյօղլի թաղային հիմնադրամի հետ: Մեր դպրոցը մատակարարող կառույցը Բեյօղլու Սուրբ Երրորդություն եկեղեցու թաղային խորհուրդն է: Խորհուրդը մոտ տասը անդամ ուներ, բոլորն էլ հետաքրքրվում էին դպրոցի գործերով, հնարավորություն չափ աշխատում էին վարժարանին օգնել՝ վերանորոգման և այլ հարցերում: Կարող եմ ասել, որ Եսայան վարժարանը հիմնադրամի խորհուրդի հետ լավ համագործակցության մեջ է եղել»,- ասաց նա:
Վերջին տարիներին, ըստ նրա, հիմնադրամում ընտրությունների արդյունքում փոփոխություններ տեղի ունեցան: «Արդեն երկու տարի է՝ երկու հոգուց կազմված թաղային խորհուրդ ունենք: Այդ կազմում մնացել է խորհուրդում 25 տարի աշխատած փաստաբան, իրավաբան Սիմոն Չեքեմը և օրիորդ Բերրին Դայան (երկուսն էլ թրքախոս հայ են- Tert.am)»,- ասաց նա:
Նա պատմեց, որ վերջին երկու տարվա ընթացում հիմնադրամի խորհրդի նախագահների հետ անգամ տասը անգամ չեն հանդիպել, երկխոսության առիթ չի եղել:
«Ի վերջո, ինձ և մեր տնօրեններից Արլին Յեշիլթեփեին աշխատանքից ազատեցին,- ասաց նա՝ նշելով, որ իրենց ազատման պատճառների մասին միայն խոսակցություններից են իմանում, պաշտոնապես որևէ պատճառ չի ներկայացվել,-ես նրանցից գրություն ուզեցի, ասացի՝ չեմ հրաժարվում, սակայն որևէ պատճառ չներկայացվեց»:
Սաթենիկ Նիշանը ներկայացրեց, որ նախկինում մշտապես դժգոհել են իրենց աշխատանքից, արդեն քսանհինգ տարի է անընդհատ ժողովներ են կազմակերպվել հիմնադրամի խորհրդի հետ, ներկայիս տնօրենները մշտապես դժգոհել են վարժարանի աշխատանքից:
«Ես էլ նրանց մշտապես ասում էի՝ առաջարկ բերեք: Եթե ունեք դժգոհություն, դրա կողքին էլ պետք է առաջարկ լինի, որ խնդիրները լուծվեն: Բայց երբեք առաջարկով հանդես չեն եկել»,- ասաց նա:
Եսայան վարժարանի տնօրենների ազատման առիթով պոլսահայ համայնքում դժգոհություն է առաջացել, անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է միջամտել: «Հիմա Պոլսում դուրս գալու արգելքներ կան՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Երբ այդ արգելքը վերանա, պատրիարք սրբազանը հայտնեց իր ցանկությունը կազմակերպելու մեր հանդիպումը: Ես ընդունել եմ, նրանք էլ ընդունել են, պետք է հանդիպենք»,- ասաց նա:
Հիմա, Սաթենիկ Նիշանի մտահոգությունն այն է, որ եթե Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամի հետ համագործակցությունը չստացվի, վարժարանը չի կարող գործել:
Հռիփսմե Հովհաննիսյան










