Կապանում բողոքի ակցիան դադարեցվեց, ձերբակալվածներին տեղափոխում են Երևան (տեսանյութեր)

15:37 • 24.05.20

23:18

Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխում են Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել ակցիան և վերադառնալ իրենց համայնք՝ Քաջարան՝ պայմանովր, որ ձերբակալվածների նկատմամբ տեղի ունենալիք գործողությունները կկատարվեն միմիայն օրենքի շրջանակում:



23:12

Կապանի ոստիկանությունում գտնվող, ավելի վաղ ձերբակալված երիտասարդներին քիչ առաջ դուրս բերեցին ոստիկանության շենքից՝ Երևան տեղափոխելու համար: Ակցիայի մասնակիցները նրանց ողջունեցին ծափահարություններով:

23:02

Կապանում բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին միառժամանակ դադարեցնել բողոքի ակցիան՝ մինչև քննության ավարտը: Այժմ նրանք ճանապարհ են բացում ոստիկանական մեքենայի համար, որը պետք է տեղափոխի ձերբակալված երիտասարդներին:

Մինչ այդ ցուցարարները Հայր մեր աղոթքն արեցին և ճանապարհը բացելու կոչեր արեցին՝ երիտասարդներին ճանապարհելու համար:

21:21

Ոստիկանները ցուցարարներին հորդորեցին պահպանել սոցիալական հեռավորություն, և հղում անելով կառավարության թիվ 298 որոշմանը՝ հայտտնեցին, որ Արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքներ անցկացնելն արգելվում է օրենքով: Իրավապահները նաև հայտնեցին, որ օրենքին չենթարկվելու պարագայում ոստիկանությունը կկիրառի հարկադրանքի միջոցներ: 

20:13

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, դիմելով ցուցարարներին, հորդորեց պրովոկացիայի չենթարկվել: 

«Այո՛, մենք մեր ոստիկաններին հարգում և սիրում ենք, այստեղ կանգնած ոստիկաններն անմեղ են: Գիտենք ամեն ինչ որտեղից է սկսվել, բայց խնդրում եմ չդիմել որևէ սադրանքի և բռնության: Սադրանքի դիմողներ կլինեն, բայց նրանց մեր շարքերից կհեռացնենք»,- ասել է Քաջարանի համայնքապետը:

20:07

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը ոստիկանական բաժանմունքում էր, դուրս եկավ ակցիայի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ քիչ առաջ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին: Նա ասաց, որ նրանց բոլորին բռնությենն են ենթարկել և բացականչեց «ամոթ»: Նույնը վանկարկեցին նաև ցուցարարները:

19:17

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը Կապանի ոստիկանության տարածքում է: Զրուցելով ցույցի մասնակիցների հետ՝ Փարամազյանը նշեց, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին: Անդրադառնալով 15 հոգանոց խումբ կազմելու առաջարկին՝ ասաց, որ ամեն ինչ հենց այդտեղից էլ պետք էր սկսել:



18:50

Առաջարկ եղավ 15 հոգանոց խումբ կազմել և կլոր սեղանի շուրջ ընդհանուր հայտարարի գալ:

Հայտարարվեց, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես գալիս է ոստիկանության տարածք: Ցուցարարները լուրին արձագանքեցին ծափահարություններով:

18:45

Հունան Պողոսյանն առաջարկեց մի քանի մարդկանց հետ գնալ ոստիկանություն և միասին ծանոթանալ գործի հանգամանքներին, ցուցարարները չհամաձայնեցին՝ նշելով, որ թեև ցանկություն չունեն քաղաքականացնելու տեղի ունեցողը, սակայն այդ առումով մտավախություններ ունեն:

Մարզպետը ևս մեկ անգամ հերքեց դա և հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր տեղի ունեցողում քաղաքական ենթատեքստ են փնտրում, սադրում են:

18:32

Կապանի ոստիկանության տարածք է եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով հավաքվածներին դիմելով նախ ասաց, որ համաձայն չէ նրանց պնդումների հետ, թե կատարվողը քաղաքական հետապնդում է: Նրա խոսքով՝ ձերբակալություններն իրավական հարթությունում են:

Մարզպետը նաև նշեց, որ քանի որ գործը հարուցված է Երևանում, ապա ձերբակալվածներին պետք է տեղափոխեն Երևան: Միևնույն ժամանակ, որպես մարզպետ՝ Պողոսյանը հայտնել է, որ անտեղի որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

«Ոչ մեկս չի ուզում օգտագործվել որպես գործիք այս ամենում, գործի քննության ընթացքում շատ բան պարզվելու է»,- ասաց նա:

Ցուցարարներից մեկը դժգոհեց, որ Հունան Պողոսյանը չի փորձում պաշտպանել իրենց: 

17:47

Ցուցարարների խոսքով՝ եթե պարզվի, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի, ապա իրենք իրենց ակցիաները կազմակերպելու են նստացույցներով, հացադուլներով, ճանապարհները փակելով:  

17:40

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Կապան միացիր», և պահանջում են, որ ձերբակալված երիտասարդներին վերաբերող գործը քննվի Կապանում: Ակցիայի մասնակիցներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք համաձայն են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գա և պարզաբանում տա տեղի ունեցածի վերաբերյալ, ինչին մյուս ցուցարարները դրական արձագանքեցին:

Ֆեյսբուքյան օգտատեր Նվեր Զեյլանը տեսանյութ է հրապարակել, որտեղ բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ, փակել են ճանապարհը:

Ըստ շրջանառվող լուրերի, բաժնի դիմաց հավաքված քաղաքացիները ձերբակալվածների հարազատներն են, նրանք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին։

Այս պահին նրանց փորձում են տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում են ներկայացնել ձերբակալման հիմքերը։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին բերված քաղաքացին ենթարկվել էր բռնության: 

Նաև հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում:

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Հարությունյանը Կապանից ուղիղ միացմամբ մանրամասներ է ներկայացնում տեղի ունեցող դեպքերից:

 

 

 

 

 

Կապանում բողոքի ակցիան դադարեցվեց, ձերբակալվածներին տեղափոխում են Երևան (տեսանյութեր)