Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան

22:32 • 27.05.20

Իշխանությունների կողմից հռչակված սահմանադրական ճգնաժամ ասվածը, եթե փակագծերը բացենք հետևյալն է, որ այս Սահմանադրական դատարանը իր  կազմով Նիկոլ Փաշինյանին չի հնազանդվում և այդ հարցը պետք է լուծել. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:

«Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որով նրա նկատմամբ ճնշում էր գործադրվում, որ նա հրաժարական տար, հետո վաղաժամկետ օրենքի չարաբաստիկ ընդունումը, այս ամենը պետք է դիտարկել մի շղթայում: Հանրաքվեն արդեն իսկ հակասահմանադրական է, և չէր անցել այն բոլոր ընթացակարգերը, որը պետք է անցներ: Դա Վենետիկի հանձնաժողովին դիմելն էր, դա ՍԴ-ի կարծիքը լսելն էլ և այլն: Բայց ծրագիր էր դրված և անունը դրվում էր ժողովուրդ, որպեսզի վստահ լինեին, որ ժողովուրդը իրենց կողմն է: Այն դեպքում, որ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը ժողովուրդը չի որոշում, որովհետև ժողովուրդը պետք է միայն ընտրի օրենսդիր և գործադիր իշխանությանը»:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իշխանությունը, հանրաքվեն չեղարկելով, փորձում է իրավիճակին լուծում տալ և խուսափել հակասահմանադրական որոշում կայացնելուց.

«Այս իրավիճակից իշխանությունը ելք է որոնում, բայց ոչ թե հանրաքվեն անելու կամ չանելու համար, այլ ելք է որոնում ևս մեկ «հանճարեղ» լուծում տալու և ՍԴ-ի հարցերը իրենց ցանկությամբ լուծելու համար: Իսկ որ Սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելը նույնպես հակասահմանադրական է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Նպատակը արդարացնում է միջոցները, այս սկզբուքնով է Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում և եթե հաջողվի կգնա մինչև վերջ ունենալու Սահմանադրական դատարանի  9-ը Վահե Գրիգորյաններ»: