«Այն միջավայրը, որում մենք ապրում ենք, շատ նման է նրան, ինչը կար Հրանտի սպանությունից առաջ». փաստաբան Ֆեթհիյե Չեթինը մեկնաբանել է իրեն և Դինքի կնոջն ուղղված սպառնալից նամակները

14:05 • 08.06.20

Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը լրագրող Օզլեմ Աքարսու Չելիքի հետ զրույցում մեկնաբանել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին և իրեն ուղղված նամակները, որոնցում իրենց մահվամբ են սպառնացել: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:

«Այն միջավայրը, որում մենք ապրում ենք, շատ նման է նրան, ինչը կար Հրանտի սպանությունից առաջ: Նման սպառնալիքներ ուղղվել էին Հրանտին մինչ իր սպանությունը, իսկ հասարակությունն այն ժամանակ շատ թշնամական էր տրամադրված և բևեռացված էր: Այս նամակներում գրելու ոճը, լեզուն շատ նման են այն նույն սպառնալիքներին, որոնք ուղղվում էին Հրանտ Դինքին»,-ասել է փաստաբանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը տեղեկացրել է, որ վերջին շրջանում երկրորդ սպառնալից նամակն է ստացել: Երկրորդ նամակում նույնպես Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, և հիմնադրամի փաստաբանին մահվամբ են սպառնացել: Ավելի ուշ երկու նամակների հեղինակներն էլ ձերբակալվել են:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: