Անձրևի ժամանակ ամբողջ տունը ջուր է լցվում, ահավոր վիճակում ենք, ում էլ դիմում ենք, չեն օգնում. Արմավիրի հանրակացարանի բնակիչ (տեսանյութ)

23:13 • 09.06.20

Անձրևից արդեն պատերն են քանդվում, մի օր գիշերն աղմուկից արթնացա, տեսա, որ պատերը քանդվել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հանրակացարանի բնակիչ Սուսաննա Ադամյանը։

Վերջինս նշում է՝ հայտնվել է անելանելի վիճակում․ բնակարանը գտնվում է անմխիթար վիճակում, ապրելու համար համապատասխան պայմաններ չկան, տանիքն էլ կոտրված է, իսկ երբ անձրև է գալիս, ջուրն ամբողջությամբ տուն է լցվում։

Սուսաննա Ադամյանի խոսքով՝ ձմռանը հանրակացարանային պայմաններն էլ ավելի անտանելի են դառնում․ հանրակացարանում չկան ջեռուցման պայմաններ, իսկ ցրտին դիմանալու համար  վառում է այն, ինչ գտնում է։

«Ձմռանը գնում եմ, փայտ եմ հավաքում, ռեզին, խանութների մոտ ինչ գտնում եմ, բերում ու վառում եմ»,- ասում է նա։

Սուսաննան խնդրի վերաբերյալ  դիմել է Արմավիրի  քաղաքապետարան. «Գնացինք քաղաքապետարան 4-րդ հարկի հարևաններով, ասացինք՝ եկել ենք մեր շենքի, տանիքի համար օգնություն խնդրելու, ասացին, որ օգնություն չի  լինելու, հարցրի՝ ում կարող եմ դիմել, որ ինձ օգնեն, ասացին՝ ում ուզում ես, դիմիր»։

Արմավիրի քաղաքապետարանից  Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ շուրջ 5 տարի առաջ շենքի տանիքն ու սանհանգույցը քաղաքապետարանի ջանքերով վերանորոգվել է։ Իսկ Արմավիրի քաղաքապես Դավիթ Խուդաթյանն էլ հայտնեց, որ այս պահին տանիքների լայնածավալ նորոգման ծրագիր չկա. «Այն ծավալը, որը հնարավոր է քաղաքապետարանի կողմից իրականացնել, քաղաքապետարանը սեփական ռեսուրսներով է անում, խոսքը չի վերաբերում բոլոր շենքերին և ամբողջապես փոխելուն, դա արդեն հսկայական գումարների մասին է, որն այս պահին բյուջեով նախատեսված չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։