100 հազարները կարող են սխալված լինել ԲՀԿ-ին ձայն տալուց, մի քանի միլիոնն էլ կարող է սխալվել մեզ ձայն տալուց. Գագիկ Ծառուկյանին հասկանալն ինձ համար դժվար է․ Արթուր Մանուկյան (տեսանյութ)

13:59 • 09.06.20

Գագիկ Ծառուկյանին հասկանալը ինձ համար շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի:

«Ես կուզեի՝ այդ հարցը տայիք Գագիկ Ծառուկյանին, ասեիք՝ ինչպե՞ս է տեսնում Կառավարության 100 տոկոսով փոփոխությունը և ինչ նկատի ունի: Մարդիկ կան, որոնց դժվար է հասկանալ, և ինչ ընթացակարգով է դա ուզում, կուզենայի, որ ինքը բացատրի»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ պատգամավորն ակնկալում է, թե այդ հայտարարությունից հետո ԱԺ-ում պետք է անվստահության գործընթա՞ց նախաձեռնեն, Մանուկյանն արձագանքեց, թե իր կարծիքով՝ նման հայտարարությունն անելուց հետո շատ երկար ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե Ծառուկյանն ինչ նկատի ունի:

Հարցին՝ Մանուկյանը մնու՞մ է իր կարծիքին, որ սխալվել են ԲՀԿ-ին ընտրողները, պատգամավորը պատասխանեց. «Ես մնում եմ այն կարծիքին, որ սխալ են ընտրողները, որոնք ընտրել են ԲՀԿ-ին: Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գալու տարիներին ոչ միայն հարյուր հազարներն են սխալվել, այլև մի քանի միլիոնն են սխալվել: Կարող են 100 հազարները սխալվել, կարող են մի քանի միլիոնները սխալվել: Օրինակ՝ երբ Ստալինը մահացավ, մի քանի հարյուր միլիոն մարդ լաց էր լինում, և եթե Ստալինն ի վիճակի լիներ վերակենդանանալ, այդ մարդիկ Ստալինին ձայն կտային, որ շարունակեր»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ այս օրերին՝ պայմանավորված նաև արտակարգ դրության պայմանններոմ իշխանության ձեռնարկած քայլերի անհաջողությունից՝ շատերը նշում են, թե հասկացել են, որ սխալվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանն արձագանքեց. «Դա էլ կարող է լինել, իհարկե: Ինչպես 100 հազարները կարող են սխալված լինել՝ ԲՀԿ-ին ձայն տալուց, այնպես էլ մի քանի միլիոնը կարող են սխալվել՝ մեզ ձայն տալուց: Դա էլ կարող է լինել: Սա պրոցես է՝ մարդիկ ձայն են տալիս, հետո տեսնում են՝ ոնց ես աշխատում: Եթե վատ ես աշխատում, ասում են՝ ես սխալվեցի՝ քեզ ձայն տալով: Եթե հաջողում ես, ասում են՝ չսխալվեցի: Ես ասում եմ՝ կարծում եմ՝ այդ 100 հազարը սխալվել են: Ես լինեի նրանց տեղը, ԲՀԿ-ին ձայն չէի տա»,-ասաց Մանուկյանը:

Դիտարկմանը, թե Ծառուկյյանի հայտարարությունից հետո իշխանություններն սկսկեցին քրեական գործերի մասին խոսել, սա սպառնալիք չի՞ դիտարկում, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները նշում են, թե իշխանությունը փորձում է շանտաժի ձևով լռեցնել, Մանուկյանը պատասխանեց, թե եթե մարդը քրեական հանցագործ է, ինքը պետք է միշտ վախենա:

Հարցին՝ եթե քրեական հանցագործ էր, ինչու՞ էր տնտեսական համագործակցության հուշագիր ստորագրվում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, պատգամավորն արձագանքեց, թե քրեական գործերը բացահայտվում են ինչ-որ ժամի, ինչ-որ ժամանակ, դրանից առաջ նա քրեական հանցագործ չէ, և ոչ ոք չգիտի՝ նա քրեկան հանցագործ է, թե ոչ:

Հարցին՝ Ծառուկյանը հեղափոխությունից հետո՞ է այդպիսին դարձել, Մանուկյանը պատասխանեց, թե քրեական գործերը բացահայտվում են ինչ-որ պահի, և այդ քրեական գործը կարող է լինել մի քանի տարվա վաղեմության, տասնյակ տարիների վաղեմության, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս. «Հանգամանքներն ի հայտ են գալիս, դու վերանայում ես քո վերաբերմունքը»:

Դիտարկմանը, թե երբ Գագիկ Ծառուկյանին ասում էին «օլիգարխ», վարչապետն ասում էր՝ օլիգարխ չէ, խոշոր սեփականատեր է, Մանուկյանն արձագանքեց. «Քանի որ շատերը չգիտեն՝ օլիգարխ ինչ է նշանակում, այդպես են ասում: Օլիգարխն այն մեծահարուստ մարդն է, որն ունի տնտեսական լծակեր և իշխանական լծակներ: Քանի որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն չունեն իշխանական լծակներ, նրանք օլիգարխ չեն համարվի մինչև այն վայրկյանը, երբ չունենան իշխանական լծակներ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, թե ԲՀԿ-ի «սրումների» պատճառաը նաև այն է, որ իշխանության հետ համաձայնություններ չեն կարողանում ձեռք բերել, և սրվում են, որովհետև չեն կարողանում իրենց տնտեսական լծակները միահյուսել իշխանական լծակների հետ:

Հարցին՝ իսկ նորմա՞լ է, որ քրեական գործերի մասին սկսում են խոսել այն ժամանակահատվածում, երբ կառավարության կազմի փոփոխության պահանջ է դրվում, քաղաքական ենթատեքստ չկա՞ դրանում, Մանուկյանը պատասխանեց, թե եթե մարդիկ իրենց հետևում քրեական գործեր ունեն, իրենք դրանց մասին լավ գիտեն. «Քաղաքական հայտարարություններից առաջ թող հիշեն՝ ինչեր ունեն, և մի քիչ երկար մտածեն, որովհետև օրինակ՝ ինչ նկատի ունի՝ 100 տոկոս ասելով, վարչապետի՞ն էլ նկատի ունի, թե՞ ոչ: Այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, և շատ բաներ կան, որ ոչ ոչ չի կարող հասկանալ և չի կարող պատասխանել»,-ասաց Արտակ Մանուկյանը: