«Ես ստանձնում եմ այդ սխալների ամբողջ պատասխանատվությունը»․ Աննա Վինտուրը ներողություն է խնդրել Vogue-ում սևամորթներին մեծ տեղ չհատկացնելու համար
Ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը The New York Post-ում հրապարակված նամակում ներողություն է խնդրել «անհանդուրժողականության տարրեր պարունակող» նյութերի հրապարակման, ինչպես նաև սևամորթ աշխատակիցներին և դիզայներներին նորաձևության ամսագրում մեծ տեղ չհատկացնելու համար, գրում է The Guardian-ը։
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին Վինտուրը ներողություն է խնդրել ամսագրի աշխատակիցներից «վիրավորական կամ անհանդուրժողական լուսանկարների և նյութերի համար»՝ խոստովանելով, որ նորաձևության ամսագրի աշխատակիցների շրջանում բացակայում է ռասայական բազմազանությունը։ Վինտուրը նաև ստանձնել է 32-ամյա պաշտոնավարման ընթացքում թույլ տված սխալների պատասխանատվությունը։
«Ես ցանկանում եմ պարզապես ասել, որ գիտեմ՝ Vogue-ը բավարար ուղիներ չի որոնել սևամորթ խմբագիրներին, գրողներին, լուսանկարիչներին, դիզայներներին և այլ ստեղծագործողների հարթակ տրամադրելու համար: Ես ստանձնում եմ այդ սխալների ամբողջ պատասխանատվությունը»,- գրել է Վինտուրը։
«Գիտեմ, որ բավարար չէ ասել, որ մենք ավելի լավը կդառնանք, մենք դա կանենք, և ցանկանում եմ, որ վստահ լինեք, որ ես գնահատում եմ ձեր խոսքը և ցանկանում եմ լսել ձեր կարծիքներն ու խորհուրդները»,- հավելել է նա։









