Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ իր թագավորական պարտականությունները կատարել է տեսազանգով

21:39 • 11.06.20

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսազանգ է կատարել՝ իր թագավորական պարտականությունների իրականացման համար:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով արքայական ընտանիքի թվիթերյան հաղորդագրությունը, 94-ամյա թագուհին և նրա դուստրը՝ արքայազդուստր Աննան, տեսաժողով են վարել խնամքի կենտրոնների աշխատակիցների հետ:

Նախաձեռնության նպատակն իրազեկություն բարձրացնել է շուրջ 7 մլն չվարձատրվող խնամատարների վերաբերյալ, որոնք հոգ են տանում հիվանդների կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար:  

«Հետաքրքիր է լսել յուրաքանչյուրիդ պատմությունները: Ես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ արել են մինչ օրս»,- ասել է թագուհին տեսակապի ժամանակ:  

Նշվում է, որ տեսաժողովը կայացել է հունիսի 4-ին: Ըստ վարվելակարգի կանոնների՝ միապետը վերջինը պետք է ժամանի և առաջինը հեռանա պաշտոնական միջոցառումներից: Այդպես էլ տեղի է ունեցել անգամ Zoom-ով կատարված տեսազանգի ժամանակ: