Ինդոնեզացի տղամարդն ամուսնալուծվել է հարսանիքից 2 օր անց՝ պարզելով, որ «կինն» իրականում տղամարդ է
Ինդոնեզական մամուլում վերջերս լուրեր են հայտնվել 31-ամյա տղամարդու մասին, որն ամուսնացել է համացանցով ծանոթացած կնոջ հետ և բաժանվել հարսանիքից երկու օր անց:
Ինչպես փոխանցում է Oddity central-ը, ինդոնեզացին ամուսնալուծվել է՝ պարզելով, որ կինն, ում հետ ամուսնացել էր, իրականում տղամարդ է: 31-ամյա ինդոնեզացին, որը նշվում է Մուհ անունով, մեկ ամիս առաջ Facebook-ով ծանոթացել է Միթայի հետ:
Սոցցանցում շփվելուց բացի նրանք նաև իրական կյանքում են հանդիպել, և ինդոնեզացու խոսքով՝ ինքը կասկածելի ոչինչ չի նկատել և անգամ առաջին հայացքից սիրահարվել է՝ տեսնելով Միթայի գեղեցկությունը:
Մի քանի շաբաթից նա առաջարկություն է արել, ապա ծնողների հետ այցելել է Միթայի տուն և 20 մլն ինդոնեզական ռուփի ($1,430) տարել իր հետ որպես նվեր:
Նրանք ամուսնացել են հունիսի 2-ին: Արարողությանը ներկա են եղել իրենց շրջանի հոգևոր առաջնորդները, որոնք ոչինչ չեն կասկածել, թեև 25-ամյա հարսնացուն դեմքը ծածկել էր հատուկ ավանդական քողով:
Փեսացուի մոտ կասկածներ են առաջացել, երբ երկու գիշեր շարունակ «կինը» մերժել է իրեն և թույլ չի տվել մոտենալ: Հաջորդ օրը երիտասարդը գաղտնի հետևել է «կնոջը» և պարզել, որ վերջինս իրականում տղամարդ է:
Բացահայտումից հետո նա ամուսնալուծության դիմում է ներկայացրել, ինչպես նաև բողոք ներկայացրել ոստիկանություն: Նշվում է, որ 25-ամյա խաբեբային ձերբակալել են, սակայն հայտնի չէ՝ նա պատիժ կրելու է, թե ոչ:
Այնումենայնիվ, նրանց ամուսնությունը ռեկորդ է սահմանել՝ որպես Ինդոնեզիայում երբևէ գրանցված ամենակարճ ամուսնությունը:









