Հս. Կորեան ապառազմականացված գոտու մոտ պայթեցրել է Միջկորեական կապի գրասենյակի շենքը՝ խորացնելով երկու երկրների միջև լարվածությունը (լուսանկարներ)

15:07 • 16.06.20

Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է ապառազմականացված գոտու մոտ՝ սահմանից հյուսիս գտնվող Միջկորեական կապի գրասենյակի շենքը, գրում է CNBC-ն։

Սեուլի Միավորման նախարարության հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի սահմանային Քեսոն քաղաքում շենքի պայթեցումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 14:49-ին:

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ ոչնչացրել է միջկորեական կապի բաժանմունքը, որը փակվել էր հունվարից ի վեր՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու պատճառով։ Փհենյանը հայտարարել է, որ միջկորեական կապի գրասենյակը «սարսափելի պայթյունի հետևանքով ավերվել է», և որ Սեուլը «թանկ է վճարել իր կատարած հանցագործությունների համար»։

Սեուլն, իր հերթին, հայտարարել է, որ իր զինվորականները խստացրել են սահմանի մոտ հսկողությունը, իսկ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը նախազգուշացրել է, որ Սեուլը կոշտ կարձագանքի, եթե Հյուսիսային Կորեան շարունակի խորացնել լարվածությունը:

Նրա խոսքով՝ գրասենյակի պայթեցումն «ի չիք է դարձրել բոլոր այն մարդկանց ակնկալիքները, որոնք հույս ունեն զարգացնել միջկորեական հարաբերությունները և խաղաղություն հաստատել թերակղզում»։

Մտավախություն կա, որ այս դեպքից հետո ռազմական բախումներ կարող են բռնկվել հարևան պետություններին բաժանող ապառազմականացված գոտու երկայնքով։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն կարող է զորք մտցնել թերակղզու ապառազմականացված համարվող տարածքներ, որոնք այդպիսի կարգավիճակ են ստացել Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև կնքված համաձայնագրերով։

Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեայի բանակն անմիջապես և հետևողականորեն կկատարի կուսակցության և կառավարության ցանկացած հրաման:

2018թ.-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել՝ կողմերի միջև թշնամանքի վերացման և համագործակցության վերաբերյալ: Վերջին շրջանում, սակայն, երկկողմ հարաբերությունները կրկին լարվել են. պատճառն այն է, որ չնայած Փհենյանի զգուշացումներին, հարավկորեացի ակտիվիստները սահմանին դեպի Հյուսիսային Կորեայի տարածք օդապարիկներ են արձակել, որոնց վրա քարոզչական կարգախոսներ են փակցված եղել:

North Korea blows up 'embassy' near demilitarised zone with South ...North Korean defectors, now living in South Korea prepare to release balloons carrying propaganda