«Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն». Թրամփի եղբոր դուստրը գիրք կհրատարակի, որը նվիրված է Սպիտակ տան ղեկավարին և Թրամփ ընտանիքի «մութ պատմություններին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, ամռանը գիրք կհրատարակի, որը նվիրված է Սպիտակ տան ղեկավարին և Թրամփ ընտանիքի «մութ պատմություններին», Simon & Schuster հրատարակչական ընկերությանը հղումով գրում է USA Today-ը։
Հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։
Too Much And Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man («Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն») վերնագրով գիրքը լույս կտեսնի նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։
Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։
Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։











