Գյուղմթերք արտադրողների համար  գազի սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք կարող ենք ունենալ 5-7% գնաճ շուկայում. Վահե Դավթյան

18:25 • 20.06.20

Գազգի գնի մոտ 4․5 տոկոսով բարձրացումը թեև շրջանցում է շարքային սպառողներին, սակայն որոշակի բացասական միտումներ է ձևավորում տնտեսության համար, ինչն անխուսափելիորեն անդրադառնալու է քաղաքացու գնողունակության վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Մասնավորապես, գյուղմթերք արտադրողների համար սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք կարող ենք ունենալ 5-7 տոկոս գնաճ շուկայում: Գնաճը միանգամից չի սկսվի՝ նոր սակագնի ուժի մեջ մտնելուն պես, և շուկան դեռ որոշ ժամանակ կշարունակի գործել ինչ-որ իմաստով իներցիոն սկզբունքով»,- ասաց փորձագետը։

Վահե Դավթյանի խոսքով՝ գազի գնի բարձրացումից հետո Կառավարությունը պետք է աջակցության ծրագրեր մշակի հարվածի տակ ընկնող տնտեսվարողներին համար։

«Այժմ կառավարության խնդիրն է անել այնպես, որպեսզի սակագնի բարձրացման որոշման հետ մեկտեղ տնտեսվարողները միանգամից չգնան արտադրվող ապրանքների գնի բարձրացման ճանապարհով: Միաժամանակ անհրաժեշտ է նոր սակագնային հարվածի տակ ընկնող տնտեսվարողների համար օր առաջ մշակել ու իմպլեմենտացնել աջակցության ծրագրեր, որոնք կզսպեն գնաճը երկրում: Կարծում եմ, այս պահին այս երկու գործառույթներն առանցքային են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ հուլսիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: ՀՀ անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

Սակայն, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի․ հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ։ ՀԾԿՀ որոշմամբ՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կկազմի 266․71 դոլար/հազ. խմ։ Նշենք, որ գործող սակագների հաշվարկի համաձայն սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։ Այսինքն, սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կկազմի 4․5 %։