«Կիսաընդդիմություն», «կիսանախագահ» լինելու ժամանակներն անցել են. պետք է ՍԴ-ին առնչվող նախագիծն ուղարկել ՍԴ, հակառակ դեպքում մասնակցում են սահմանդրական կարգի խախտման գործընթացին. Ստեփան Դանիելյան
Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության այս նախագիծը հակասահմանադրական է և փորձ է արվում բռնազավթել Սահմանադրական դատարանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Նրա խոսքով՝ այդ մասին կարելի է գտնել ոչ միայն բավականին մանրակրկիտ իրավական վերլուծություններում, այլև Վենետիկի հանձնաժողովի կարծիքում տեղ գտած համապատասխան հոդվածներում։ «Բայց, կարծես թե հիմա անիմաստ է դրանք քննարկելը։ Հիմա քաղաքական այնպիսի գործընթաց է ընթանում, որտեղ իրավական կողմն անտեսվում է։ Թեկուզ Սահմանադրության նման գերկարևոր իրավական տեքստում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքական կողմերի ու մասնագետների ներգրավման, մի քանի ժամվա մեջ փոփոխություններ կատարելն արդեն իսկ ակնհայտ է դարձնում գործընթացի պատկերն ու նպատակը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության և ՀՀ նախագահի անելիքներին, Դանիելյանն ասաց, թե այդտեղ ամեն ինչ պարզ է՝ նրանք ունեն մեկ ճանապարհ՝ օրինագիծը ուղարկել ՍԴ՝ դրա սահմանադրականության մասին կարծիք ստանալու համար։ «Հակառակ դեպքում մասնակից են դառնում սահմանդրական կարգի խախտման գործընթացին։ Եկել է անկեղծության պահը, և բոլորը պետք է արտահայտվեն. «կիսաընդդիմություն», «կիսանախագահ» լինելու ժամանակներն անցել են»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով պնդումներին, թե տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, Սահմանադրության նորմերի խախտում, և կարող քրեական պատասխանատվության հարց առաջանալ, քաղաքագետն ասաց, թե այս երկու տարիների ընթացքում եղել են բազմաթիվ օրինախախտումներ, այդ թվում՝ սահմանադրական կարգի խախտման գործողություններ, օրինակ՝ դատարանների շրջափակումը:
«Այնպես որ, անկախ այս օրինագծից, քրեական գործերի պակաս չի լինելու։ Այդ առումով այս Կառավարությունը հետընթացի ճանապարհ չունի, պետք է գնան մինչև վերջ։ Պետք է մինչև վերջ գնան նաև իրենց ընդդիմադիր համարող ուժերը ու ՍԴ ներկայիս կազմը։ Սա առճակատման պրոցես է, գործող Կառավարությունը համագործակցության եզրեր ոչ ոքի չի թողել»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է արտակարգ դրության ժամանակ Սահմանադրության փոխելուն ու հանրության տարբեր հատվածներին առճակատման տանելուն, Դանիելյանն ասաց. «Անբարոյականություն է նման փոփոխություններ կատարելը, երբ հանրության իրավունքները սահմանափակված են, և մարդիկ չեն կարող իրացնել բողոքելու իրենց սահմանադրական իրավունքները՝ կազմակերպել պիկետներ, հանրահավաքներ, երթեր։ Ինչպես նաև բազմամարդ քննարկումներ կազմակերպել»:
Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց այսօր: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվերակությունը կկայանա այսօր: Օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:










