Թրամփի ընտանիքը փորձում է խափանել Մերի Թրամփի՝ ԱՄՆ նախագահի և նրա ընտանիքի մասին պատմող «Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի թողարկումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը փորձում է դատարանում հասնել Մերի Թրամփի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի մասին պատմող Too Much And Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man («Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն») գրքի հրատարակման արգելքին, հաղորդում է The New York Times-ը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր եղբոր դուստրը՝ Մերին, իր մասին գիրք գրելու իրավունք չունի, քանի որ դա հակասում է համաձայնագրին, որը վերջինս ստորագրել է 2001 թվականին և որով պարտավորվել է երբևէ չխոսել իր հետ հարաբերությունների մասին։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, նախագահի եղբայր Ռոբերտ Թրամփը Նյու Յորքի դատարան է ուղարկել Մերի Թրամփի ստորագրած համաձայնագրի կրկնօրինակը՝ գրքի թողարկման արգելքին հասնելու համար։
Մերի Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ նախագահն ու նրա ընտանիքը փորձում են խանգարել գրքի թողարկմանը, որում «կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք հասարակության համար կարևոր նշանակություն ունեն», քանի որ չեն ցանկանում, որ մարդիկ «իմանան ճշմարտությունը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը պատրաստվում է Simon & Schuster հրատարակչական ընկերության հետ համագործակցության շրջանակում ամռանը հրատարակել Too Much And Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man («Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն») վերնագրով գիրքը։
Հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։
Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։









