Ստորագրելով իր լիազորությունները նվազեցնող նախագիծը՝ ՀՀ նախագահը կանաչ ճանապարհ է բացել ցանկացած եղանակով մեր երկրում բռնապետություն հաստատելու ծրագիր իրականացնող մոլագարի առաջ. Արմենուհի Կյուրեղյան
Սահմանադրության ոչ մի հոդվածով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իրավունք չունի փոքրացնել կամ ընդլայնել սահմանադրական որևէ մարմնի՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
«ՀՀ Սահմանադրության 123 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Փորձենք գնահատել, թե Արմեն Սարգսյանը, ստորագրելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքը, ինչքանով է կատարել այս կետերից յուրաքանչյուրի պահանջը»,- ասաց նա:
Կյուրեղյանը հարց բարձրացրեց՝ արդյոք նա հետևե՞լ է Սահմանադրության պահպանմանը. «Իհարկե, ո՛չ: Այդ ստորագրությամբ նա ոչ թե Արմեն Սարգսյան անձին, այլ այսօրվա և հետագա ՀՀ նախագահին է զրկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու հնարավորությունից: Այդ ստորագրությամբ նա սահմանադրական մարմնին՝ նախագահի ինստիտուտին զրկել է իր սահմանադրական լիազորությունից: Մեր երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ոչ մեկին, ոչ մի անձի նման լիազորություն չի տվել»,- ասաց նա:
Բացի այդ Կյուրեղյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք նա իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է բացառապես համապետական և համազգային շահերով. «Իհարկե, ո՛չ: Համապետական և համազգային շահերի գնահատման ի՞նչ չափանիշներ է նա օգտագործել, որ ստորագրելով այդ նախագիծը, կանաչ ճանապարհ է բացել ցանկացած ճանապարհով մեր երկրում բռնապետություն հաստատելու ծրագիր իրականացնող մոլագարի առաջ: Ոչ ոք նրան իրավունք չի տվել համապետական և համազգային շահերը գնահատել սեփական շահերի տեսանկյունից»,- ընդգծեց նա:
Կյուրեղյանը նաև ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը չի գործել նաև Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում.: «Արդյո՞ք նա իր այդ ստորագրությունը դնելիս գործել է Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում: Իհարկե, ո՛չ: Սահմանադրության և ոչ մի հոդվածով նա իրավունք չունի փոքրացնել կամ ընդլայնել սահմանադրական որևէ մարմնի՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունները»,- շեշտեց նա և հավելեց. «Սա հակապետական, հակաիրավական քայլ է, որով ստեղծվում է նախադեպ՝ հետագայում որևէ մոլագար ղեկավարի որևէ ցանկություն կյանքի կոչելու համար շրջանցել Սահմանադրությունը: Իսկ դա ինքնին վտանգավոր երևույթ է, արգելք է պետություն, պետականություն ամրացնելու համատեքստում»:










