Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի կարողանում իր դեմքը փրկել, ապա խորհրդարանական խմբակցության անդամներ կան, որոնք կարող են իրենց դեմքը փրկել. Ստեփան Դանիելյան
Այստեղ երկու հարց կա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմքի փրկություն և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորների դեմքի փրկություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» գործողություններին՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցում:
«Եթե կուսակցությունը չի կարողանում իր դեմքը փրկել, ապա խորհրդարանական խմբակցության անդամներ կան, որոնք կարող են իրենց դեմքը փրկել, բայց դա արդեն իրենց որոշումն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել են, որ հետ են վերցնում իրենց դիմումը, որ ԼՀԿ-ն չփորձի Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել՝ ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություներին չարձագանքելու համար:
Ստեփան Դանիելյանը նշեց, որ 2018թ․ «Լուսավոր Հայաստանը» չմիացան իշխանափոխությանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մասնավորապես Էդմոն Մարուքյանը նախկին իշխանությունների կարևորագույն որոշումներին կողմ են քվեարկել: «Այսինքն՝ գուցե դա գործելակերպ է, երբ բոլոր գործողությունները պայմանավորում են իշխանության հետ, բայց միևնույն ժամանակ պահում ընդդիմադիրի կեցվածք՝ ընտրություներում որոշակի ձայն հավաքելու համար: «Լուսավորը Հայաստանը» հայտնվել է ցուքցվանքում, այսինքն՝ ցանկացած դեպքում իր համար կլինի որոշակի հետևանքներ»,-ասաց նա:
Ստեփան Դանիելյանը նշեց, որ եթե ԼՀԿ-ն դիմի Սահմանադրական դատարան, ապա կլինի համապատասխան վերաբերմունք իշխող խմբակցության կողմից: «Իսկ այդ վերաբերմունքը մենք տեսել ենք, թե ինչպես կարող է լինել․ կարող է լինել ծեծի տեսքով, կարող էլ ինել կոմպրոմատիվների հրապարակման տեսքով, մեղադրանքների տեսքով: Մյուս կողմից, եթե չդիմեն, ապա դա նույնպես կունենա հետևանքներ, այսինքն՝ իրենք կկորցնեն իրենց քաղաքական սուբյեկտայնությունը և արդեն կարող է չստացվել ընդդիմադիր կեցվածք պահել ու ակնկալել, որ հաջորդ ընտրութուններում էլի որոշակի ձայներ ունենալ»,-ասաց նա:
Այսպիսով՝ ըստ քաղաքագետի՝ ԼՀԿ-ն կանգնած է քաղաքական հեռանկարի ընտրության և ֆիզիկական, հոգեբական և այլ ճնշումների ենթարկվելու ընտրության առաջ: «Երկու դեպքում էլ ինձ թվում է՝ լավ բան չի ստացվում»,-ասաց նա: Նա նկատեց, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդու վրա կարելի է քրեական բացահայտում անել, հորինել, թեկուզ քաշքշուկի մեջ գցել: «Կարող է քաղաքական ճնշումներ լինել և մենք տեսնում ենք, որ դա Նիկոլ Փաշինյանի մոտ դա լավ է ստացվում: Սա ճանապարհ է, որտեղ պետք է կամ աջ գնալ, կամ ձախ գնալ, դա ծանր ընտություն է»,-ասաց նա:










