Իշխանությանը հաճո է, որ լինի 88+1 պատգամավոր, բայց չի կարող Ա․ Բաբաջանյանը՝ որպես ընդդիմադիր ընտրվել և իշխանությանը հաճո գործողություններ իրականացնել․ Դավիթ Խաժակյան

17:08 • 08.07.20

Այս իշխանությանը հաճո է, որ լինի 88+1 պատգամավոր, բայց չի կարող մարդը, որը որպես ընդդիմադիր է ընտրվել, գնալ և իշխանությանը հաճո գործողություններ իրականացնել։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերականգնելու դիմումի մերժմանը։

«Սա հետագայում բերելու է խնդիրների, երբ ընդդիմության 1/3-ը գոյություն չի ունենա և հնարավորություն չի լինի այդ լիազորությունը իրացնել։ Չեմ բացառում, որ առաջիկայում գործընթացներ լինեն, որոնք էլ ավելի կխորացնեն այդ ճգնաժամը։ Այս իշխանությանը հաճո է, որ լինի 88+1 պատգամավոր։ Չի կարող մարդը, որը որպես ընդդիմադիր ընտրվել է, գնալ և իշխանությանը հաճո գործողություններ իրականացնել»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը, սակայն ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժել էր ԼՀԿ դիմումը։ Արման Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2019 թվականի սեպտեմբերի 6-ին:

Հարցին, թե ԿՀԸ-ի կողմից մերժումից հետո որոնք են լինելու ԼՀԿ գործողությունները մանդատի վերականգման համար, Դավիթ Խաժակյանը պատասխանեց․ «Մենք մանրամասն կծանոթանանք այս որոշմանը՝ հասկանալու վիճարկման ճանապարհով կգնանք, թե այլ ուղղությամբ։ Միանշանակ է, որ ստեղծված հակաիրավական վիճակը, որը չի արտահայտում ընտրողի կամքը «Լուսավոր Հայաստանին» տրված ձայների համամասնությամբ, պետք է վերականգնվի և մեր հաջորդ քայլը կքննարկենք, կհայտարարենք այդ մասին»։

Մեկ այլ հարցին ի պատասխան, որ մոտ մեկ տարի առաջ է Արման Բաբաջանյանը դուրս եկել խմբակցությունից, ինչո՞ւ է ԼՀԿ-ն այժմ մանդատի վերականգնման գործընթաց սկսում, Դավիթ Խաժակյանն ասաց․ «Անմիջապես հետո ԼՀԿ-ն հայտարարեց, որ նա իր մանդատը պետք է վայր դնի, որովհետև դա կուսակցության և խմբակցության մանդատն է։ Իր հետագա գործունեության ընթացքում, նաև քաղաքական տրամաբանության մեջ պարզ դարձավ, որ նա մի տեղից վերցրել է մանդատը, ընտրողը իրեն ձայն է տվել որպես ԼՀԿ մաս, այդ ծրագրի համար և նա գնացել է, ստեղծում է Հանուն հանրապետության նախաձեռնություն, որով, ըստ էության, մանդատն այլ բանի է ծառայեցնում»։