Պետք է քննել՝ որ քաղաքական ուժն է փորձում համաճարակն օգտագործել իր շահերն առաջ տանելու համար. Ա․ Սիմոնյանը՝ կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին
Պետք է քննենք, նախևառաջ հասկանանք՝ որ քաղաքական ուժն է փորձում ու փորձել համաճարակն օգտագործել՝ իր քաղաքական շահերն առաջ տանելու համար, թե որ պատգամավորներն ու իրենց մոտ մարդիկ են, որ տարածում են, թե կորոնավիրուս չկա, ովքեր ուզում են՝ հնարավորինս բարձր լինի վարակակիրների թիվը, որ կարողանան դրա հիման վրա հայտարարություն անել, որովհետև որևէ այլ բանի մասին հայտարարություն չեն կարողանում անել:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նախատեսվում է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համավարակի պայմանննեորւմ Կառավարության, պարետատան ու պատկան մարմինների գործողությունները:
Աժ փոխխոսնակին հարց ուղղվեց նաև ծառայողական ավտոմեքենաների մասին՝ նշելով, թե մինչ իշխանություն դառնալը՝ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հայտարարում էր, որ պետպաշտոնյաները պետք է երթևեկեն ավտոբուսներով: Սիմոնյանն արձագանքեց. «Ծառայողական մեքենաների 60 տոկոսը կրճատվել է, այդ թվում՝ տարբեր գերատեսչությունների, փոխնախարարների, հանձնաժողովովների ղեկավարների տեղակալների: ԱԺ ծախսերը կրկին ահռելի մեծ քանակով կրճատվել են, կրճատվել է բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը՝ մոտավորապես 40-60 տոկոս՝ խնայողությունների հաշվին»:
Հարցին՝ իր համար ծառայողական մեքենան հույժ անհրաժեշտությո՞ւն է, Սիմոնյանը պատասխանեց՝ այո: «Ես դրա իրավունքն ունեմ: Դա որոշ պետական այրերի համար կարգավիճակից բխող բան է, որը հեշտացնում է աշխատանքը; Ես ուրախ եմ, որ մենք սա ենք թեմա սարքում, չենք քննարկում՝ Ալեն Սիմոնյանն, օրինակ, ինչ-որ շենքում 50 տոկոս «փայ» ունի և այլն, Ալեն Սիմոնյանն իր մեքենան սխալ տեղ է կայանել. թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը, և ես պատրաստ եմ նման Հայաստանում ապրել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում են ՍԴ դատավորների թեկնածուների տարբեր անուններ, այդ թվում՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, նախկին օմբուդսման Կարեն Անդրեասյանի անունները, Սիմոնյանն արձագանքեց, թե մամուլում զետեղված անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը: «Պետք է սպասենք, տեսնենք՝ Կառավարությունը, նախագահը, ԲԴԽ-ն ինչ թեկնածու կառաջարկեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործին՝ Սիմոնյանը նշեց, թե իր ենթադրությամբ՝ կորոնավիրուսի տեսակետից Գագիկ Ծառուկյանի՝ ռիսկային համարվող տարիքով պայմանավորված՝ միգուցե որոշում է կայացվել չկալանավորել նրան: «Բայց սրա մասին խոսելիս՝ մենք կրկին մոռանում ենք այն կարևոր փաստի մասին, որ դատարանը, որը կալանքը որպես խափանման միջոց չընտրեց, այնուամենայնիվ մեղադրանքը համարեց տեղին»,-հավելեց նա:










