Ես որոշման միայն եզրափակիչ մասն ունկնդրեցի, ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ. Ալեքսանդր Ազարյանը՝ ԲԴԽ որոշման մասին (տեսանյութ)
Ես բավարարված եմ որոշմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԲԴԽ-ն մերժեց իրեն կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Հարցին՝ շարունակելո՞ւ է նույն կերպ աշխատել, Ազարյանն արձագանքեց՝ իհարկե:
Հարցին՝ կարո՞ղ է ասել, որ իր նկատնամբ որևէ հետապնդում չի իրականացվել, դատավորը պատասխանեց. «Ոմանք մտածում են, որ հետապնդում է իրականացվել: Իմ անձնական կարծիքով՝ ոչ»:
Դիտարկմանը, թե ասում էին՝ այս որոշումն ազդելու է հետագայում մյուս դատավորների աշխատելաոճի վրա, և եթե ԲԴԽ-ն չմերժեր միջնորդությունը, դատական համակարգի վրա իր հետևանքններն է ունենալու, Ազարյանն արձագանքեց. «Ես միայն իմ կարծիքն եմ արտահայտելու, եթե ինձ համար ոչ բարենպաստ ոոշում կայացվեր, միգուցե ես կհամաձայնեի այդ խոսքերի հետ»:
Հարցին՝ այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկա՞նդ կլինեն, Ազարյանը պատասխանեց. «Կաշկանդվածը միշտ էլ կաշկանդված է, անկաշկանդը՝ բնականաբար ոչ»:
Այն հարցին՝ ինչի՞ մասին է խոսում այս որոշումը, Ազարյանը պատասխանեց. «Ես միայն որոշման եզրափակիչ մասը ունկնդրեցի, ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու՝ որևէ գնահատական տամ»:
Հարցին՝ այս որոշմամբ կարո՞ղ է ասել, որ ԲԴԽ-ն կախված չէ քաղաքական իշխանությունից և անկախ է գործում, դատավորն արձագանքեց. «Ինչո՞ւ միայն այս որոշմամբ: Ես կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»:
Նա նշեց, թե Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ պետ նշանակվելուց հետո իրենք չեն հանդիպել, հեռախոսազանգով ևս չեն շփվել: Նա նշեց նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել:
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:










