Մեր պահանջն է հստակություն մտցնել արտակարգ դրության վերացման ժամկետների շուրջ, բիզնեսը խորտակվում է․ միջոցառումների անցկացման ոլորտի աշխատողների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց

13:48 • 09.07.20

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցները՝ ռեստորանների ներկայացուցիչները, հանդիսավարները, երաժիշտները, երգիչները և սպասարկող անձնակազմերը։ Նրանք ցանկանում են հանդիպել Կառավարության ներկայացուցիչների հետ՝ միջոցառումների անցկացման թույլտվության հնարավորության հարցը քննարկելու համար։

«Մեր միակ պահանջն է հստակություն մտցնել արտակարգ դրության վերացման ժամկետների շուրջ, որովհետև բիզնեսը խորտակվում է։ Ռեստորանային ոլորտում նույնպես անմխիթար վիճակ է, բոլորը ֆինանսական կորուստներ են կրում և մեր միակ պահանջն է մտցնել հստակություն ժամկետների հետ կապված»,- հայտարարեց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ արդեն հանդիպումներ եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների հետ, ներկայացվել է նույն պահանջը, սակայն արձագանք չեն ստացել։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս քաղաքացիներին կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ։ Հարցին, թե նման կոչից հետո ինչ ակնկալիք ունեք Կառավարության հետ հանդիպումից, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց․ «Մենք պետք է հասկանանք՝ Կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություններ պլանավորում է, թե ոչ»։

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից հանրային սննդի, միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցներից շատերը օգտվել են, բայց ըստ Աշոտ Բարսեղյանի՝ «այնքան չնչին են եղել աջակցությունը, որ դրա մասին ավելորդ է խոսելը»։