Մի ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, սակայն մի քանի օր է՝ այլևս կորոնավիրուսով հիվանդ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք․ վարչապետ

11:35 • 09.07.20

Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված պոզիտիվ դեպքերը վատ են անդրադառնում հասարակության տրամադրվածության վրա , սակայն մի ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որը հիմա չունենք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չունենք: «Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել է կորավիրուսը և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, բայց ծանր, այսինքն բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»,-ասաց նա, իսկ վարչապետը նկատեց, որ վիճակը անկանկախատեսելի է:

Վարչապետն ասաց, որ Սպիտակում, Մարտունիում առաջիկայում սպասում են վերակենդանացման նոր բաժանմունքների բացում, ինչպես նաև  Էրեբունի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցներում ևս նոր բաժանմունքներ կբացվեն:

«Այս ընթացքում ծավալել ենք ռեկորդային թվով թթվածային կետով 1488 մահճակալ, ինչը շատ կարևոր է և նաև վերակենդանացման բաժանմունքների ստեղծումը ևս կարևոր է, քանի որ ցավոք սրտի աշխարհի միտումներն այնպիսին չեն, որ համաճարակը գնա անկման».-ասաց նա:

Վարչապետն անդրադառնալով պատվասանյութին, ասաց, որ շատ քննարկվեց,  թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց Կառավարությունը բանակցում է: «Ուզում եմ պարզաբանել, որ քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, բայց սպասվող պատվաստվանյութի համար գնում են իրականացրել, այսինքն գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ ապագա պատվաստանյութը ձեռք են բերել: Ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրների ձեռքում»,-ասաց նա:

Առողջապահության նախարարը ավելացրեց, որ իրականում պատվաստանյութ կա, և կան բազմաթիվ պատվաստանյութեր: «Խոսքը վերջնական հաստատում ստանալու համար է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է և ամենայն հավանականությամբ վերջնական հաստատումը լինելու է մի քանիսը»,-ասաց նա: