Հակաճգնաժամային առաջին միջոցառումը ձևափոխության ենք ենթարկել՝ ներդրումների խթանման նպատակով. վարչապետ

12:02 • 09.07.20

Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, այսինքն տրանսֆորմացիայի ենթարկեցինք այն, որի նպատակը ներդրումների խթանումն է: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,-ասաց նա և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց պարզաբանել: Մհեր Գրգորյանը ներկայացրեց, որ հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը ըստ նրա, շատ կարևոր ռազմավարական կանոն է:

«Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է:

Այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե  հաշվարկ անենք, տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»,-նշեց նա:

Փոխվարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ այս կանոնով մեկ հայտ բավարարվել է, ևս երկու հայտ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է հարկային բարեփոխումներին, ապա նա ասաց, որ տնտեսության մեջ շուրջ 64մլդ դրամի շրջանառություն է մնացել: