Զինվորական բուժզննում անցնելիս չեն հայտնաբերել, որ տղաս ունի աչքերի «կերատոկոնուս» հիվանդություն և զորակոչել են բանակ. զինվորի մայր

19:11 • 10.07.20

Հունվարի 8-ին բանակ զորակոչված Գևորգ Համբարձումյանի մայր՝ Թեհմինե Գումրիկյանը Tert.am-ին պատմեց, որ մինչև բանակ զորակոչվելը` Գևորգը  զինվորական բուժզննում անցնելիս նշել է, որ տեսողության խնդիր ունի, սակայն կարևորություն չեն տվել և նրան ուղարկել են ծառայության՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանական:

«Հունվարի 20-ին` ծառայության ժամանակ, Գևորգին տարել են կրակելու, նա չի կարողացել, նկատել է, որ տեսողությունն ավելի է վատացել: Այն բանից հետո, երբ զանգել ենք Թեժ գիծ, նրան տարել են հետազոտման: Տարել են Մարտակերտի գլխավոր հոսպիտալ, որտեղից ասել են, որ «գայմարիտ» է և կբուժեն, բայց երեխայի տեսողությունն ավելի է վատացել: Դրանից հետո, երբ զանգում եմ Զինվորական բուժվարչություն Արմեն Նազարանին և ասում, որ նման խնդիր կա, ի՞նչ կարող ենք անել. ասում են, որ Գևորգին պետք է տեղափոխել հիվանդանոց, որպեսզի  հասկանանք խնդիր է ինչ: Տեղափոխում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Երբ մեր ազգակիցը գնում է հիվանդանոց, տեղեկացնում են, որ ախտորոշվել է «կերատոկոնուս» հիվանդությունը, որը լինում է ի ծնե և ի հայտ եկել հասունացման ընթացքում է: Նշում են, որ հիվանդությանը բուժում չկա, այն հնարավոր է միայն լազերային միջամտություն անել՝ հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար». պատմում է Գևորգի մայրը:

Ծնողի խոսքով՝  Գևորգին հետ են ուղարկում զորամաս, այնտեղ օրապահ է կանգնում, երբ գանգատվում է, ասում են՝ քեզ ոչնչով չենք կարող օգնել.

«Երկար ժամանակ բողոքներից հետո մայիսի 7-ին տեղափոխում են Ստեփանակերտ, որից հետո մայիսի 10-ին տեղափոխում են Կենտրոնական  կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն  բաժնի վարիչ Հայկ Վալերիչն ասում է, որ դու պլանային ես եկել, չենք կարող պառկեցնել և առավոտյան պետք է վերադառնաս զորամաս, երբ հարմար կգտնենք հետ կբերենք: Երբ ասում ենք, որ կբողոքենք համապատասխան մարմիններին, ասում են՝ Գևորգին կպառկեցնենք  տեսնենք հանձնաժողովը ի՞նչ է որոշում: Հետո տեղափոխում են Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կոնտրոն, կենտրոնի բժշկուհի Ելենա Մալայանն ասում է, որ պետք է շտապ վիրահատություն անել, ուշացած դեպք է, քանի որ երկրորդ աչքն էլ է ախտահարվել: Վիրահատությունից  հետո չորս օր Մալայան հիվանդանոցում մնալուց հետո, տեղափոխում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և ամիսուկես հոսպիտալում մնալուց հետո, նորից տանում են Մալայան բժշկական կենտրոն՝ հերթական հետազոտության, այդ ժամանակ Հայկ Վալերիչը մտնում է բժշկի սենյակ և չի թողնում մենք էլ մտնենք, և ես լսում եմ, թե ինչպես է նա ասում է բժշկին՝ գրում ես այնպես, ինչպես միշտ ես արել: Հետո մեզ ասում է, որ պետք է Գևորգը հետ գնա զորամաս և ծառայի սահմանափակումներով: Ես Վալերիչին ասեցի՝ լսել եմ, որ Դուք բժշկին ասել եք՝ գրիր, ոնց միշտ ես գրել, նա չհերքեց իմ ասածը: Նրան ասացի՝ ինչպե՞ս եք մեր երեխային ուղարկում նորից զորամաս, նա 6 ամիս հետո նորից պետք է վիրահատվի: Նա օրապահ է կանգնելու, նրան արև տեսնել չի կարելի, ինչպե՞ս է օրապահ կանգնելու»:

Թեհմինա Գումրիկյանը նշեց, որ Գևորգն այս պահին Կենտրոնական  կլինիկական զինվորական հոսպիտալում է, դիմել են Ռազմական ոստիկանություն.

«Մենք պահանջում ենք, որ մինչև բուժումը չավարտվի, երեխային չուղարկեն ծառայության, միայն լիարժեք բուժումից հետո թող հետ տանեն ծառայության»,- նշեց Թեհմինե Գումրիկյանը:

Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Tert.am-ը մեկ օր շարունակ փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Կապ հաստատել չհաջողվեց նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժնի վարիչ Հայկ Վալերիչի հետ: