Առնետները երեխաներիս ոտքերի վրայով վազում են, ամուսինս զինհաշմանդամ է 26 500 դրամ թոշակ է ստանում, ես էլ աշխատանք չունեմ. 3 անչափահաս երեխայի մայր (լուսանկարներ)
3 անչափահաս երեխայիս և զինվորական հաշմանդամության ունեցող ամուսնուս հետ ապրում եմ վարձով բնակարանում, որտեղ ոչ մի հիգինեիկ պայման չկա։ Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ Մարգարիտա Ավետյանը։
Նրա խոսքով՝ իրենք ապրում են առողջական խնդիրներ ունեցող սկեսուրի ու սկեսրայրի հետ, դիմել են կառավարություն աջակցության համար, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։
«Սկեսուրս ու սկեսրայրս թոշակառու են, ապրում ենք նրանց և ամուսնուս թոշակով։ Տան միակ աշխատունակ մարդը ես եմ, սակայն ես էլ երեխաներին եմ խնամում, բացի այդ աշխատանք չկա այստեղ։ Մենակ թոշակով ո՞նց ապրենք»,- ասաց Մարգարիտա Ավետյանը։
Նրա խոսքով՝ ունեն նաև վարկեր, խնդրել են, որպեսզի մեկ տարի սառեցնեն, որի ընթացքում գումար կհավաքվեն ու մաս-մաս կվճարեն, սակայն մերժել են։
«Ամուսինս վիրավորվել է տարիներ առաջ, Իջևանում ծառայության ընթացքում, դիքերում, հերթափոխի ժամանակ, ոտքն են կտրել և 26 հազար 500 դրամ թոշակ է ստանում։ Այդ թոշկով և՛ պիտի ապրենք, և՛ անչափահաս երեխաների կարիքները հոգանք, դրան ավելացրած հիվանդ ծնողները և վարձով հին բնակարանը, որտեղ պայմանները բացակայում են»,- ասաց Մարգարիտան։
Նա ասաց նաև, որ արտակարգ դրության ժամանակ դիմել են սոցիալական աջակցության ծրագրերին սակայն ոչ մի ծրագրի շահառու չեն դարձել։
«Միակ օգնությունը, որ եղել է, հոսանքի և գազի մասնակի փոխհատուցումն է եղել։ Երեխաներին նպաստ էլ չէին տալիս, 3-րդ երեխան երբ ունեցա, հետո նոր միայն կարողացա դառնալ նպաստառու։ Գյուղապետը բոլորի վիճակը շատ լավ գիտի, վատ պայմանների մասին բոլորն էլ տեղյակ են։ Զանգել եմ կառավարություն «Թեժ գիծ», ասել են գրավոր գրիր, ներկայացրու, գրել-ներկայացրել եմ, բայց նամակի պատասխանը չեմ ստացել, ու ոչ մի տեղից ոչ մի աջակցություն չեմ ստացել։ առնետները դուրս են գալիս երեխաների ոտքերի վրայով վազում են տանը, այսպես ապրելն արդեն անհնար է»,-ասաց Մարգարիտա Ավետյանը։













