Կալիֆոռնիայում լճում հայտնաբերել են Glee սերիալից հայտնի դերասանուհի Նայա Ռիվերայի դին (լուսանկարներ)
Փրկարարներն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը, այդ մասին Twitter-ում հաղորդել է տեղի շերիֆ Բիլ Այուբը։
Անցյալ չորեքշաբթի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 33-ամյա դերասանուհին 4-ամյա որդու՝ Ջոզիի հետ այցելել է Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լիճ։ Մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, սակայն մորը չէր հաջողվել գտնել։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել էր կայանատեղում։
Ինչպես նշում է TMZ-ն, երեխան պատմել է, որ մոր հետ լողում էին, սակայն չգիտի, թե ինչպես է մայրը խեղդվել։
Դերասանուհու դին հայտնաբերելուց հետո Վենտուրա շրջանի շերիֆ Բիլ Այուբը հայտարարել է, որ նախնական վարկածի համաձայն՝ Նայա Ռիվերան իր վերջին ուժերն օգտագործել է 4-ամյա որդուն փրկելու համար։
«Նա բավականաչափ էներգիա է հավաքել որդուն նավակ վերադարձնելու համար, բայց ուժերը չեն բավականացրել իրեն փրկելու համար»,- ասել է Այուբը:















