Երկրիս սահմանները գնդակոծվում են, վիրավորներ ունենք և, այս ամենին զուգահեռ, տհաս սնկեր են բուսնել, որոնք ճապաղ մտքերով՝ կեղծ խաղաղասիրություն են ուզում «սղացնել». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

22:17 • 16.07.20

Այո, սա տեղեկատվական պատերազմ է կոչվում, որի դեմ պայքարի ամենակարևոր պայմանը՝ մեդիագրագիտությունն է, հակառակորդի ամեն ասածը չլսելը, չվերարտադրելը, չտարածելը: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։

«Ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկությունը պետք է ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրից, տվյալ դեպքում՝ ՊՆ-ից, նրա խոսնակից կամ գերատեսչության լիազոր պաշտոնյայից, որը պատասխանատու է մամուլի հետ աշխատանքի համար:

Ահա նայեք էկրանին՝ այդ պատասխանատուները երկուսն են՝ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ու նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Երկուսի ՖԲ էջերն են, անպայման ուշադիր եղեք ու ֆիքսեք անվան ներքևում կապույտ գույնով նշված վեաձև նշանին, որը հավաստում է անձի ինքնությունը:

Պետք է տարածել մեր պաշտոնական տեղեկատվությունը՝ հնարավորինս շատ լեզուներով, օտար լրագրողների ու լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատել: Անկեղծ ասած՝ քարոզչական այս պատերազմում ակնկալում էի, հիմա էլ դեռ հույսս չեմ կտրում, որ մեր խորհրդարանականները, որոնք չգիտես ինչու՝ 24 ժամ ակտիվ են ներքաղաքական հակառակորդներին տորպեդահարելիս ու հիմա այդքան էլ աչքի չեն ընկնում ռացիոնալ գործողություններով, ակնկալում եմ, որ իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով աշխարհով մեկ շուխուռ կանեն, գիշերները չեն քնի, հույսը միայն մեր՝ լրատվամիջոցների վրա չեն դնի ու կաշխատեն միջազգային բոլոր գործընկերների հետ:

Հասկանում եմ, որ ոմանց համար սա կոռուպցիայի դեմ պայքարի, դուրսպրծուկ ու շնաբարո եզրույթներն օգտագործելու թեմաներ չեն...բայց տղերք, ամոթ է..մի՛ ամաչեք ազգային ու արմատական կեցվածքից...մեր հանրությունը հերթական անգամ ապացուցեց, որ հենց թուրքը մեր սահմանին կրակի, մեր բոլոր հակասությունները մի կողմ ենք դնում ու մեկ բռունցք դառնում:

Այդպես եղել է միշտ: Հենց սա՛ է Ազգ-բանակ գաղափարախոսության հանրային դրսևորումն ու ընկալումը, որից, չգիտես ինչու՝ խորշում են ձեր ազատամիտ գաղափարախոսները:

Ֆեյսբուքը գործիքակազմ ունի, որ նախկինում գրած ձեր ստատուսները, թեկուզև՝ մեկ տարի առաջ, մի քանի լայքով՝ կարող է նորից հայտնվել ձեր էջին, դարձյալ ակտիվանա ու շրջանառվի: Բանակի ու ազգային թեմաների մասին ծաղրանք պարունակող ստատուսները՝ նորից հարություն են առել:

Հիմա պատերազմական վիճակ է, ոչ մի քննադատություն չեմ հնչեցնի...դրա ժամանակն էլ կգա...ես այդ մտքերով ապրողներին չեմ դիմում, այլ՝ նրանց հովանավորներին...զգու՛յշ եղեք, ներազգային համախմբումն իրենց պիղծ մտքերով ապականող մարդկանց՝ գոնե ասեք չխոսեն…նրանց մեջ մարդիկ են, որոնք իշխող կուսակցության խորհրդի անդամ են, մարդիկ, որոնք այս թեժ օրերին ծաղրում են մեր հավաքական կամքը, մեր միասնականությունը, թերագնահատում մեր տղերքին, իրենց պարզունակ վիճակով՝ մթնոլորտ թունավորում:

Ամռան այս շոգին՝ աներես ճանճի պես՝ չեն հեռանում տեսադաշտից ու խանգարում են կենտրոնանալ թշնամու դեմ պայքարում՝ իրենց պացիֆիստական անտրամաբանական գրառումներով, որոնք միայն ու միայն զգոնություն են թուլացնում:

Եթե շարքային պողո՛ս լիներ ասողը՝ չէի անդրադառնա...շունը հաչում է, քարավանը քայլում...բայց նրանք՝ իշխող ուժի ղեկավա՛ր կազմում են, որոնք ունեն հանրային լսարանի վրա ազդելու հնարավորություն ու լծակ:

Ձեր ղեկավարը, մեր երկրի վարչապետը դեռ 5 օր առաջ ձևակերպեց մեր ազգային անվտանգության ռազմավարության հիմքում ընկած արժեքները, որի կորիզը՝ հայկական պետությունն է իր անվտանգության միակ երաշխիքով՝ բանակով...հիմա այս մարդկանց ասեք՝ թող լռեն ու բերանները կոճկեն...

Արցախը կարմիր գիծ է, Հայաստանի անվտանգությունը կարմիր գիծ է...էլի եմ ասում՝ հիմա չենք խոսում, բայց հենց այս ամենը վերջանա՝ հատ-հատ ցույց ենք տալու՝ ով ինչ ասաց պատերազմի ժամանակ:

Երկրիս սահմանները գնդակոծվում են, վիրավորներ ունենք, տուն ու շեն՝ ավերվում են, տհաս սնկեր են բուսնել, որոնք ճապաղ մտքերով՝ կեղծ խաղաղասիրություն են ուզում սղացնել...իբր իրենք մոդայիկ են, այլընտրանքային կարծիք ունեն, մենք էլ՝ գավառամիտ ու հինավուրց ենք: Ավելի նողկալի է դառնում՝ ներքին դավաճաններ փնտրելու վտանգավոր քայլերը: Իշխանությունը դու՛ք եք, զսպե՛ք բանակի մարտունակությանը դիպչող անհայրենիքների վայրահաչոցները»,-նշել է նա: