Դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին․ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր

19:57 • 20.07.20

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո, ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- Էմանուել Մակրոնին հղած նամակի լուսանկարներին կից գրել է Բուայեն։

Նա նաև կոչ է արել Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին, կորուստներ տալով, հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին․ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր