Նորամարգի դպրոցի ուսուցիչները, բնակիչները ակցիա են իրականացնում Արարատի մարզպետարանի դիմաց․ պահանջում են միտումնավոր չտապալել տնօրենի ընտրությունը՝ նրա «նախկին» լինելու պատճառով
Արարատի մարզպետարանի առջև Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ դպրոցի տնօրենի նոր ընտրությունը պետք է տեղի ունենար հուլիսի 17-ին, սակայն ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չի ներկայացել ընտրություններին, ինչի պատճառով դպրոցի տնօրենի ընտրությունը տապալվել է։
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այս ամենը միտումնավոր է կատարվում, քանի որ տնօրեն Ծովինար Գալստյանը, որի ընտրությունը պետք է կատարվեր, նշանակվել է նախկին իշխանության օրոք։ Ծնողները և ուսուցչական կազմը գոհ են Ծովինար Գալստյանի աշխատանքից և ցանկանում են, որ նա կրկին զբաղեցնի դպրոցի տնօրենի պաշտոնը։
«Հուլիսի 17-ին ընտրությունները չկայացան, չներկայացան նրանք, ովքեր պետք է ներկա լինեին ընտրությանը։ Մեր պահանջն այն է, որ պետք է լինեն արդար ընտրություններ, ոչ մեկը չի խուսափում արդար ընտրություններից։ Եթե կա մեկը, որն ուզում է իր թեկնածությունը դնել, խնդիր չկա, բայց եկեք այնպես անենք, որ արդար ընտրություններ լինեն, ոչ թե խափանեն ընտրության կարգը»,- ասաց ծնողկոմիտեի նախագահ Լուսինե Ջավադյանը։
Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի տնօրենի ևս 2 թեկնածություն է առաջադրվել, բայց ծնողները տնօրենի պաշտոնին տեսնում են Ծովինար Գալստյանին։
«Թող նա հանգիստ աշխատի։ Եթե նայենք, թե մինչև իր տնօրեն նշանակվելն ինչ վիճակում էր մեր դպրոցը և հիմա ինչ վիճակում է, կտեսնեք մեծ տարբերություն»,- ասաց ծնողկոմիտեի նախագահը։
Մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները մոտեցան ակցիայի մասնակիցներին և խնդրեցին տնօրենի մրցույթը ոչ թե տապալված, այլ չկայացած համարել, քանի որ քվորում չի եղել։
«Այդ օրը, թե ինչու այս կամ այն խորհրդի անդամը չի ներկայացել, չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Սպասենք նոր մրցույթին, որտեղ դուք, համաձայն կարգի, պատշաճ ձևով ծանոթացրեք խորհրդի բոլոր 8 անդամներին, որ այդ օրը մրցույթ է տեղի ունենալու»,- նշեց Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը։
Նորամարգ դպրոցի տնօրենի նոր ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 22-ին։










