Ռազմական առումով համարժեք պատասխան ենք տալիս հակառակորդին, իսկ քաղաքական առումով թերանում ենք․ Արթուր Եղիազարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

22:15 • 21.07.20

 

Սահմանային լարվածության օրերին ընդդիմությունը իրեն ճիշտ պահեց, քանի որ խնդիրն արդեն ներիշխանական պայքարի մեջ չէր, կար երկրի անվտանգության հարց և պետք էր ամեն կերպ զորակցել և սատարել բանակին, պետականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝  անդրադառնալով ներիշխանական վիճակին՝ սահմանային լարվածության ընթացքում:

«Իհարկե, մասնավոր դեպքեր եղել են, բայց հանրությունը՝ ընդհանուր ընդդիմադիր դաշտով, քաղաքացիական հասարակությունով  ավելի համախմբված էր հայոց բանակի շուրջ, և ռազմական գործողությունների պատասխանատուները ևս պրոֆեսիոնալ ձևով լծված էր իրենց աշխատանքին»,-ասաց նա և նշեց, որ չնայած այդ ամենին՝ նկատվել են բացասական դրսևորումներ և իշխանության որոշ ներկայացուցիչների, հատկապես որոշ պատգամավորների կողմից, որոնք հանրային հարթակներում իրենց արտահայտություններում թույլ տվեցին  վրիպումներ, որոնք այլ ուղերցներ էին պարունակում:

«Այդ օրերին բոլորի աշխատանքը պետք է ուղղված լինի միասնությանը, այլ ոչ թե պառակտման եզրեր գտնելուն, սրան բարձրագույն իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արտաքին հարթակներում մեր դիվանագիտական աշխատանքին, ապա Արթուր Եղիազարյանը նշեց, որ նման իրավիճակը պատեհ է՝ արտաքին լսարանին ուղերձները տեղ հացնելու համար:

«Ադրբեջանի կողմից շատ անզգույշ արտահայտություններ հնչեցին, հարցը այն չէ, թե դրանք իրականություն կարող են դառնալ թե ոչ, այլ հարցն այն է, որ նման մտածողություն կա, որին պետք է տրվեր պատասխան:

Օրինակ, ատամոկայանի հետ կապված շանտաժ անելը Հայաստանի իշխանությունները պետք է դարձնեն համաշխարհային լսարանին ուղղված ուղերձ և ցույց տան Արդբեջանի իրական դեմքը: Այս առումով մեր դիվանագիտական դաշտը բավականին անելիք ունի, բացի դա նաև պետք է իշխանությունը կարողանա համախմբողի դերում լինել»,-ասաց նա:

Նա նշեց, որ այլ հարթության հարց է, թե որքանով էր ճիշտ վարչապետի գործողությունները, սակայն նշեց, որ կարծում է, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանից Հայաստանին ուղղված կոչեր են հնչում, տվյալ հարթությանը համապատասխան արձագանքներ են պետք, որպեսզի դրանք արագ հասցնեն համաշխարհային հանրությանը և նաև Ադրբեջանի լսարանին:

Ըստ նրա, երբ Ադրբեջանից հնչում են հոխորտանքներ և Ադրբեջանի նախագահը ասում է, որ բանակցություններ գոյություն չունի և զենքով խնդիրը պետք է լուծել, այդ ժամանակ կոշտ արձագանք պետք է լինի Հայաստանի կողմից:

Արթուր Եղիազարյանը նշեց, որ եթե ռազմական առումով համարժեք պատասխան ենք տալիս հակառակորդին, ապա քաղաքական առումով թերանում ենք: «Կա միջազգային հանրային լսարան, որը ճիշտ տեղեկատվություն չի ստանում: Ադրբեջանը այդ գործում լուրջ ֆինանսներ, գործիքներ է ներդնում, որ կարողանան իրենց ամեն խոսքը տեղ հասցնել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը:

Շատ դեպքերում նրանց այդ քայլերը թեև անտեսում ենք, բայց դրանք, կաթիլ-կաթիլ կուտակվելով, ի վնաս Հայաստանի պետականության շահերի են սկսում աշխատել, հետևաբար որքանով որ կարևորում ենք ռազմական գործողությունները, դրանից ոչ պակաս պետք է կարևորենք տեղեկատվական  դաշտում մեր գործունեությունը»,-ասաց նա: