Տունս փլվում է, պատերը քանդված են. քաղաքացիները ահազանգում են՝ հարևանը, ի հաշիվ իրենց տան, երկու կողմից ընդլայնել է տան տարածքը (տեսանյութ)
Սուքիասյանների ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով 2005 թվականին վաճառեց ներկայիս տան հարևանությամբ գտնվող իրենց տունն ու 2006 թվականին տեղափոխվեց այստեղ, Թերթ․am-ի հետ զրույցում այս մասին պատմեցին Սուքիասյան ամուսինները։ Բնակարանը վաճառելուց շատ չանցած նախկին բնակարանի նոր բնակիչներն սկսեցին շինարարություն անել, ու Սուքիասյանների խոսքով, անօրինական ճանապարհով փորձեցին ընդլայնել տարածքը՝ ի հաշիվ իրենց բնակարանի։
«Հարևանս եկավ ու ասաց, որ տուն է կառուցում, որի համար ունի թույլտվություն, բայց չասաց, որ տունը պետք է ամբողջությամբ քանդի ու նորը կառուցի, ասեցինք գնանք նոտարի մոտ, եթե նոտարը թույլ կտա, ու ավելորդ խնդիրների առաջ չենք կանգնի, ուրեմը խնդիր չկա՝ համաձայնվեցինք»։
Սակայն, Լարիսա Այվազյանը պատմում է՝ մի օր տանը չեն եղել, երբ վերադարձան ու տան տանիքն ու պատը կիսաքանդ վիճակում գտան․
«Եկանք տուն ու տեսանք, որ պատը քանդվել է, քարերն էլ լցվել են երեխայի անկողնու վրա, մի խոսքով ավերակ էր, կանչեցինք հարևանիս, եկավ ու տեսավ, թե ինչ է կատարվել, շինարարական աշխատանքները կանգնեցրեց ու ասաց, թե վաղը իրենց քանդածը կվերակառուցեն»։
Սակայն, Սուքիասյանների նոր հարևանը այդպես էլ չսկսեց վերակառուցման աշխատանքները։ Լարիսա Այվազյանի խոսքով՝ փորձել է հարցին լուծում տալու համար դիմել քաղաքապետարան, որտեղ էլ նրան հուսադրել են՝ ապօրինի շինության դեպքում մեղավորը կկրի պատասխանատվություն․
«Գնացի քաղաքապետարան, ասացի, որ հարևանս տունս քանդել ու գնացել է Ռուսաստան, ասեցին, եթե մեղավոր է, որտեղ էլ լինի մենք իրեն հետ կվերադարձնենք, անցավ որոշ ժամանակ ոստիկանություն էլ դիմեցի, ասացին՝ զանգեք քաղաքապետարան, զանգեցինք քաղաքապետարան, աշխատակիցը եկավ ու ինքն էլ տեսավ, թե ինչ վիճակում է գտնվում մեր տունը, ասաց, որ պետք է հարևանը վերակառուցման պատասխանատվություն կրի, նույնն էլ դատավորն է ասել »։
Տեսնելով, որ իրենց խնդրին լուծում չի տրվում, փորձել են իրենց միջոցներով վերակառուցել տան կիսաքանդ հատվածը, սակայն դա էլ չի հաջողվել, նրանց պարզապես թույլ չեն տվել․
«Մենք քար բերեցինք, ավազ բերեցինք շինարարական աշխատանքներ սկսելու համար ՝ մեր միջոցներով, բայց մեզ խանգարեցին, իրենց ծանոթ ոստիկաններից էր երևի կանչել էին, գրավոր ցուցմունք վերցրեց ինձանից, որ իրավունք չունենք շինարարական աշխատանքներ իրականացնելու, բայց իրականում դրա իրավունքը ունեինք, հինը քանդելու ու նորը կառուցելու, բայց չթողեցին»։
Լարիսա Այվազյանի ամուսինը՝ Հովիկ Սուքիասյանը, ավելացնում է, որ հիմա տան կառուցապատման աշխատանքներ սկսելու համար միջոցներ չունեն, արդեն վաղուց է՝ ինչ դատական գործընթացների մեջ են, բայց ոչ մի արդյունք։
Ամուսինները պահանջում են, որ համապատասխան մարմինները հարևանի տունը ապօրինի շինություն ճանաչեն, քանի որ իրենց խոսքով, այն շեղումներով է կառուցված։
Սուքիասյանները դիմել են նաեւ դատարան, սակայն 2019 թվականին առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը, որից հետո դիմել են վերաքննիչ դատարան, որն էլ գործըուղարկել է նոր քննության, սակայն արդեն մեկ տարի է՝ գործի քննության ընթացքից նորություն չունեն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխանան՝ տեղեկացնում են, որ Սուքիասյանների և հարևանի տների կառուցապառտման խնդիրը վիճարկվում է դատական կարգով՝ ուստի Երևանի քաղաքապետարանը, որպես վարչական մարմին, չի կարող միջամտել տվյալ գործի ընթացքին մինչև դատական մարմինների վերջնական որոշումը։










