Մայիս և հունիս ամիսներին մայրապետերին պարգևավճար չեն տվել, տրամադրված սնունդն էլ ուտելու ենթակա չէ.«Նորք» ինֆեկցիոնի մայրապետ

19:52 • 22.07.20

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մայրապետ Անահիտ Թոխյանը Tert.am –ի հետ զրույցում նշում է, որ համավարակով պայմանավորված աշխատանքի ծանրաբեռնվածության հետ մեկտեղ մայրապետերը մայիս և հունիս ամիսներին պարգևավճար չեն ստացել, մինչդեռ բուժանձնակազմի մյուս աշխատակիցները ստացել են:

«Ինչո՞ւ պետք է մայրապետերը մայիս և հունիս ամսվա հավելավճարներից զրկվեն, ես ավելի շատ եմ կովիդով հիվանդների հետ աշխատում, բայց մեզ մարդ չեն համարում  ու չեն վճարում: Միայն մարտ և ապրիլ ամիսներին ենք  պարգևավճար ստացել: Բացի այդ, աշխատավարձը տալիս են ուշացումով 20-22-ից հետո և չեմ կարողանում իմ վարկային պարտավորություները վճարել:

Ես ցանկանում եմ, որ իմ աշխատավարձը ժամանակին տան, առաջ վճարում էին մինչև ամսի 10-ը, վերջին 5-6 ամիսներին աշխատավարձերն ուշացնում են: Եթե հիվանդանոցը վերանորոգում է անում, դա պե՞տք է անդրադառնա մեզ վրա: Կովիդով հիվանդի աշխատողը պետք է ստանա չոր աշխատավարձ, իսկ հաշվապահը, մյուսները ստանան պարգևավճա՞ր»,-նշեց նա:

Անահիտ Թոխյանի խոսքով՝ խնդրի վերաբերյալ դիմել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրինությանը, սակայն իրենց պարզաբանել են, որ նախարարության որոշման համաձայն՝ մայիս և հունիս ամիսներին հավելյալ գումար չի տրամադրվելու.

«Մայիս ամսին բողոքել ենք տնօրինությանը և ասեցին, որ բարձրացրել են քույրերի աշխատավարձերը: Հիմա էլ ցանկանում են, որ մենք պայմանագիր կնքենք, որ ոչ մեկս ոչ մի հավելավճար չենք ստանալու, միայն կոնկրետ գումար ենք ստանալու: Տնօրինությունից ասում են, որ նախարարը նշել է, որ մայրապետերին գումար չի փոխանցվում: Սակայն մենք համոզված չենք, որ նման բան է ասվել»:

Մայրապետը նշեց, որ թեև աշխատողներին  տրամադրվում է անվճար սնունդ, սակայն այդ սննդից դժգոհ են և՛ աշխատողները, և՛ հիվանդները.

«Դա ուտելու ենթակա չէ: Նույն սնունդը տալիս են նաև հիվանդներին, նրանք մեզ բողոքում են՝ ասում են՝ թույլ տվեք մեզ տանից սնունդ բերենք, սոված ենք մնում, բոլորին ասել են այդ մասին, բայց ոչինչ չի արվում»:

Խնդրի պարզաբանման համար Tert.am-ը կապ հաստատեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրինության հետ, այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ խնդիրը տնօրինության հետ չի քննարկվել, և տնօրենը խնդրին տեղյակ չէ: