Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքն ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:55 • 23.07.20

Հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ զինված ուժերը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ Այս մասին Կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն է։ Մեր բանակն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին 2 շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են ՀՀ տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, անհեթեթ համարեց։

«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ ՀՀ-ն ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այդ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»։

Վարչապետը նաև խոսեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական գյուղերը, խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։

«Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքն ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)